Երեւանի ժամանակով գիշերվա երեքին ընկերս գրեց՝ «Այստեղ մի տղա կա, որ Վերին Լարսի անցակետը ճեղքել դուրս է եկել: Կխոսե՞ս հետը»:
Սա հազվադեպ է, նրանցից ոչ բոլորին է հաջողվում հասնել Հայաստան, չնայած որ Վրաստանն արդեն գերբեռնված է: «Բայց Լարսից հետո չես ուզում այլ տեղ գնալ: Ցանկանում ես պառկել ու չշարժվել»: Այսպես ասաց Ռոստովից ՏՏ ընկերության ադմինիստրատոր 33-ամյա Պաշան: Նա երեք օր տառապել եւ հարյուր հազար ռուբլի էր ծախսել, որ չմահանա Ուկրաինայում:
Անունը փոխված է, լուսանկար չկա: Պատճառը պարզ է: Մեկնելուց առաջ նա աշխատանքից դուրս չի եկել:
«Որքան ուշ այդ մասին իմանան, այնքան լավ: Ես ուզում եմ աշխատավարձ ստանալ, ինձ ապրել է պետք, ես գրեթե բոլոր փողերս ծախսել եմ»:
Ես իսկապես չէի ուզում փախչել: Ռոստովում է իմ վարձակալած տունը, իմ գրադարանը, մտերիմներս ու կատուներս: Մեկնելուց առաջ վերջին օրերին ուղեղս պարզապես պայթում էր: Չէի կարողանում աշխատել, ուտել, քնում էի ընդամենը երեք ժամ, փորձում էի հասկանալ ինչ անել:
Գիտեի, որ Վերին Լարսում մարդիկ օրերով սպասում են, ու չէի պատկերացնում, թե ինչպես կդիմանամ դրան: Չատում ես մի փոխադրող գտա, որը խոստացավ 25 հազար ռուբլով հասցնել մինչեւ Լարս, բայց բերեց մինչեւ Վլադիկավկազ: Նեղ մի վզիկ, որի միջով դժվար է անցնել, սա շատ ավելի լուրջ խնդիր է, քան Լարսը: Մուտքի անցակետեր, շրջանցիկ անցակետեր, պահակակետեր քաղաքում եւ քաղաքից դուրս: Ոչ տեղական համարներով մեքենայով անցնելն անհնար է:
Ճանապարհային ոստիկանության հսկիչներ, ոստիկանություն եւ ինչ-որ տարօրինակ մարդիկ, գուցե անվտանգության աշխատակիցներ (ФСБ), ստիպում են բոլոր ոչ տեղացիներին հետ շրջվել, առանց որեւէ բացատրության: Ռոստովից Վլադիկավկազ մենք հասանք մոտ տասը ժամում: Եվ նույնչափ կանգնած ենք մնացել դաշտում պահակակետի մոտ: Մեզ հետ այնտեղ էին հազարավոր փախստականներ: Չէինք քնում, թափառում էինք դաշտում, մտածում, գուցե արժե վերադառնալ, բայց որոշեցինք առաջ գնալ: Ափսոսում էինք ծախսած գումարը, նաեւ ապրել էինք ուզում:
Անցակետի մոտակայքում տեղացիների բազմություն է։ Առաջարկում են իրենց ծառայությունները: Նստում ես տեղական համարներով մեքենա եւ անցնում: Բայց սա էլ փրկություն չէր, բավականին հաճախ քեզ խաբում են: Տեղափոխում են քեզ Վլադիկավկազ եւ թողնում քաղաքում, որտեղից դժվար է դուրս գալը:
Քաղաքի միջով տեղափոխելու համար յուրաքանչյուրից 25 հազար ռուբլի են պահանջում: Մեծ դժվարությամբ պայմանավորվեցինք 10 հազարով:
Մեքենայում նա [վարորդը] պատմեց, որ երկու օրվա ընթացքում միլիոն են աշխատել: Սա՝ ազնիվ աշխատելու դեպքում, իսկ եթե խաբում են, ավելի շատ են վաստակում:
Գիշերները մթության մեջ տարօրինակ մարդիկ էին երեւում, մոտենում, թակում էին մեքենայի պատուհանը: Մեզ հետ ամեն ինչ կարող էր պատահել:
Լարսին մոտեցանք երկուշաբթի լուսաբացից առաջ ու տեսանք վերջը չերեւացող խցանումը: Ի՞նչ կարող ենք անել: Վերցրինք մեր 25 կիլոգրամանոց պայուսակներն ու ոտքով առաջ ընկանք: Մոտ երեք ժամվա ընթացքում լեռնային կածաններով, ժայռերի ու գետերի միջով հասանք ռուսական անցակետին:
Ովքեր չգիտեն, ասենք, որ Լարսը պարզապես ուղեգիծ է, ճանապարհ: Այնտեղ չկան խանութներ, ջուր եւ սնունդ, կապը բռնում է հինգ րոպեն մեկ անգամ: Զուգարաններ նույնպես չկան: Օրվա ընթացքում շատ շոգ է, իսկ գիշերը՝ շատ ցուրտ:
Իմ բախտը շատ բերեց: Լարսում ընդամենը տասնմեկ ժամ եմ անցկացրել: Օրերով այնտեղ կանգնելը պարզապես դժոխքի է նման:
Մոտ երեք հարյուր մետր մինչեւ անցակետ սկսվում է տարանջատման մի բետոնե գոտի: Տաքսիստները հավաքվում են դրա սկզբում եւ ուղեւորներ են վերցնում, հետո վերադառնում, իսկ մյուսներն այդ ժամանակ կանգնած սպասում են, ճանապարհն արգելափակված է, ոչ ոք անցնել չի կարող:
Նման տաքսիով մենք հատեցինք սահմանը: Յուրաքանչյուրս վճարել ենք 50 հազար ռուբլի: Մեքենայում կար ինը մարդ՝ ճամպրուկներով:
Նոր էինք շրջանցել ճանապարհը, երբ ես հետ նայեցի ու տեսա՝ ինչպես անցավ Z նշանով ու զինվորներ տեղափոխող БТР-ը: Այն նույնը, որի մասին գրվել էր լուրերում: Դրա հետեւից էր եկել զորակոչի շարժական գրասենյակը:
Վրաստանում ամեն ինչ լավ էր: Բոլորը հետս խոսում էին ռուսերեն՝ մատուցողները, տաքսիստները, հյուրանոցի աշխատակիցները, բոլորը: Չեմ նկատել որեւէ ռուսաֆոբիա, բայց մեզ վրա գումար աշխատելու ցանկություն կար:
Գիշերեցի Թբիլիսիում։ Մինչ այդ քառասուն ժամ ոտքի վրա էի անցկացրել, գրեթե ընկնում էի: Բայց Թբիլիսիում ժամը երեքին հյուրանոցում տեղ գտնելը նույնպես լուրջ արկած էր: Տեղեր չկան, դուք կարող եք միայն պայմանավորվել տաքսիստի հետ, նա կզանգի իր ընկերոջը, ընկերն էլ կզանգի հյուրանոց, բայց այս ամենի համար պետք է վճարել:
Փորձեցի ինքս այցելել հյուրանոցներ. անօգուտ էր, ամենուրեք մերժում էին: Պետք է ինչ-որ մեկը խնդրեր:
Վերջապես հասա Երեւան, պետք է ուշքի գամ, ծախսեմ մնացած գումարս ու մտածեմ հետագա քայլերիս մասին: Սահմանը հատելու համար ես ծախսել եմ ավելի քան հարյուր հազար ռուբլի: Բայց կյանքն իմ կարծիքով ավելի թանկ է:
Թարգմանեց Կարինե Դավոյանը
Մոսկովյան լրագրող, գրող, գրաքննադատ, հինգ գրքերի հեղինակ։ Հեռացել եմ Ռուսաստանից, տեղափոխվել Հայաստան, որպեսզի շարունակեմ անել այն ինչ արել եմ ամբողջ կյանքում, բայց ավելի լավ։