Իրանի Ազատ տնտեսական գոտիների Բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ահմադ Ջամալին հայտարարել է, որ իրանական տարածքում գործող ազատ տնտեսական գոտիներում մեկ տարվա ընթացքում [2021 թվականի սեպտեմբերի 23-ից 2022 թվականի սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում] ներդրվել է ավելի քան 320 տրիլիոն ռիալ կամ 1,142 միլիարդ դոլար։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ ազատ առեւտրատնտեսական գոտիների արդյունավետությունը կարելի է գնահատել հաշվի առնելով մի քանի չափանիշ, մասնավորապես նախկին միտումների հետ համեմատությունը, առաջադրված նպատակները, որոնց պետք է հասնել ազատ առեւտրատնտեսական գոտու ստեղծմամբ, տարածաշրջանային մրցակցությունը եւ այլն։
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում [նկատի է առնվում իրանական տարվա առաջին եռամսյակը, որ համապատասխանում է մարտի 21-ից հունիս 21 ժամանակահատվածին] իրանական ազատ տնտեսական գոտիներում ներդրվել է 60 տրիլիոն ռիալ կամ մոտ 214 միլիոն ամերիկյան դոլար։ Ներկայում իրանական ազատ տնտեսական գոտիներում գործում է 2500 միավոր արդյունաբերական նշանակություն ունեցող ձեռնարկություն։
Իրանում ազատ առեւտրատնտեսական գոտիները սկսել են գործել 1989-90-ից [իրանական օրացույցի 1368 թվականից]՝ երկրի նավթային եկամուտների նվազումից հետո։
Առաջին երկու գոտիները ստեղծվել են երկրի հարավում՝ Քիշ եւ Քեշմ կղզիներում։
Մինչ օրս ստեղծվել է հինգ ազատ առեւտրատնտեսական գոտի. Սիսթան-Բելուջիստան նահանգում՝ Չաբահարում, Խուժիստանում՝ Արվանդում, Գիլանի նահանգում՝ Էնզելիում, Արեւելյան Ատրպատականում՝ Արասում, եւ Արեւմտյան Ատրպատականում՝ Մակուում։ Ազատ առեւտրատնտեսական գոտիների զարգացումն իրանական կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է։
Պատրաստեց Արման Գրիգորյանը