Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասուլիսում համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանից դեպի Հայաստան ավիատոմսերի գների թանկացումը բացասաբար է ազդելու զբոսաշրջային հոսքի վրա։ Մանավանդ հիմա, քանի որ աշունը, ըստ մասնագետների, ամենաակտիվ սեզոնն է զբոսաշրջության համար։
Սեպտեմբերի վերջին Մոսկվա-Երեւան ուղղությամբ տոմսերը կտրուկ թանկացան։ Օրինակ՝ «Fly Arna»-ն դրանք վաճառում էր 739 հազար դրամով, «Արմենիա» ավիաընկերությունը` 834 հազար դրամով։ Ռուսական ավիաընկերություններից ամենացածր գինն առաջարկում էր «Iraero»-ն՝ ավելի քան 3,5 հազար դոլարին համարժեք ռուբլի։
Ըստ Ապրեսյանի` տոմսերի թանկացման պատճառով Հայաստան չեն գալիս իրենց հանգիստը մեր երկրում ծրագրած անձինք, որոնք պետք է այցելեին նաեւ տարբեր մարզեր եւ գումարը հավասարաչափ ծախսեին բոլոր մարզերում։ Ըստ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի՝ տոմսերի թանկացումը զրկել է վերջիններիս Հայաստանի մշակութային ժառանգության, ավանդույթների, սովորույթների հետ շփվելու հնարավորությունից։