Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի առաջնահերթություններից է:
«Վարդապետյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետեւանքները։ Նա ընդգծել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերման, հայ ռազմագերիների վերադարձի եւ հրադադարի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Վարդապետյանը խոսել է նաեւ Ադրբեջանի ԶՈՒ–ի պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների սպանությունների, հայ զինծառայողների, ներառյալ կանանց խոշտանգման դեպքերի մասին։ Դատախազը շեշտել է այս եւ նախորդող ժամանակահատվածներում կատարված աղաղակող պատերազմական հանցագործություններ կատարած անձանց եւ կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Կոպիրկինն ասել է, որ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը բարձրացված հարցերը լուծելու համար։