ՀՀ Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հրապարկել է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքն իր արձագանքի արձագանքներին։
Գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ
«Առաջին. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի երեկվա հայտարարության մեջ նշված է. «Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների եւ հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք անընդունելի են, իսկ այդ գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ»:
Այսպիսի պնդումն ամենեւին կապ չունի Տեր-Պետրոսյանի ասածի հետ, որովհետեւ նա Ցյուրիխյան արձանագրությունների մասին որեւէ դատողություն չի արել: Այլ ընդամենն ասել է հետեւյալը. «Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում:
Կոնգրեսը դեմ է եղել միայն պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը
Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի եւ Նալբանդյանի միջեւ 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից»:
Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների առնչությամբ Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք արտահայտված են Հայ Ազգային Կոնգրեսի 2009թ. սեպտեմբերի 2-ի հայտարարության մեջ: Կոնգրեսը դրական է գնահատել Ցյուրիխյան արձանագրությունները՝ կտրականապես դեմ լինելով նրանցում տեղ գտած ընդամենը մեկ կետի, որը վերաբերում է հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը:
Գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Քոչարյանի ասուլիսի եւ Փաշինյանի հարցազրույցի հետեւանքով
Երկրորդ. Առաջին նախագահի երեկվա արձագանքից շատերը եզրակացրել են, թե նա դրանով վիժեցրեց իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության կայացման հնարավորությունը: Նրանք պարզապես չեն հասկացել, որ այդ գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Ռոբերտ Քոչարյանի գրեթե 3 ժամ տեւած ասուլիսի եւ Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ օրը տված երկժամյա հարցազրույցի հետեւանքով:
Քոչարյանի նպատակն ամեն գնով Փաշինյանի իշխանության տապալումն է, Փաշինյանի նպատակը՝ ամեն գնով իր իշխանության պահպանումը
Դրանց արդյունքը, փաստորեն, հետեւյալն է. Քոչարյանի նպատակն ամեն գնով Փաշինյանի իշխանության տապալումն է, իսկ Փաշինյանի նպատակը՝ ամեն գնով իր իշխանության պահպանումը: Սրանով, ըստ էության, նրանք միաձայնությամբ հայտարարեցին, որ երկխոսության կայացմանը հասնելու կամուրջներն այրված են»,-նշել է ՀՀ Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: