Սրբուհի Հովհաննիսյանի պատրաստած չրերը հասցրել էին գրավել հարեւաններին, բարեկամներին, հասնել արտերկիր, բայց նրա մտքով չէր անցել, որ սիրելի զբաղմունքը մի օր կարող էր շահավետ բիզնեսի վերածվել։ Վայոց ձորի սահմանապահ Խնձորուտ գյուղում ապրող կինը սիրողական մակարդակով է զբաղվել չրագործությամբ։ Բոլոր մրգերը, որոնք վաճառել չեն կարողացել, չորացրել է։
Մի օր էլ, տեղեկանալով ՄԱԶԾ (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր) «Կայուն համայնքներ» նախագծի մասին, որը մարզերի կանանց ու երիտասարդների համար տարբեր նախաձեռնություններ է անում, որոշել է դիմել։ «Քաղցր տունը» դրանցից մեկն է, որի նպատակն է համայնքի՝ չրարտադրությամբ հետաքրքրվող բնակիչներին նոր հմտություններ փոխանցել։
Սրբուհին մասնակցել է նախագծի դասընթացներին, չրագործությունից բացի սովորել նաեւ SMM, մարքեթինգ, ֆինանսների կառավարում։ Ասում է՝ մի բան է արտադրելը, մեկ այլ բան՝ արտադրանքը ճիշտ մատուցելն ու վաճառելը։
Մինչ Սրբուհու՝ նախագծում հաղթելը մի քանի փուլեր են անցկացվել՝ փաստաթղթային, ապագա չրանոցի տարածքի եւ գործնականում դրա հնարավորությունների ուսումնասիրության, հարցազրույցի։ Այնուհետեւ «Կայուն համայնքները» նախագծել է չրանոցի ապագա շենքը, խորհրդատվություն տրամադրել։ Հիմա սահմանապահ Խնձորուտում կառուցվում է արտադրամասը։
Նորաստեղծ բիզնեսին ՄԱԶԾ-ն տրամադրելու է չրի պատրաստման, ստերիլիզացման, նաեւ մուրաբայի արտադրության սարքավորումներ։ «Նախատեսում ենք ամեն տեսակի բնական, առանց հավելանյութերի ու շաքարի չրեր պատրաստել՝ թե՛ վայրի պտուղներ՝ մասուր, ալոճ, վայրի տանձ, թե՛ մեր աճեցրածը՝ սերկեւիլ, տանձ, ծիրան, խնձոր։ Այս ամենը մեր գյուղում կա, հետագայում կավելացնենք նաեւ պտուղների տեսակները՝ գնելով հարեւան համայնքներից»։
Ամեն ինչ, սակայն, հարթ չի ընթացել։ Բիզնես սկսելու համար Սրբուհի Հովհաննիսյանի ընտանիքը վարկեր է վերցնում, բայց փաստաթղթային հարցերը կարգավորելը ժամանակատար է, չեն կարողանում օգտվել սուբսիդավորվող վարկերից։
«Գործընթացը դժվար է։ Մի փաստաթղթի ձեւակերպման համար կարող ենք օրերով գնալ-գալ, բայց ծրագրի իրականացման համար հստակ ժամկետներ են սահմանված, որոնք խախտել չենք կարող։ Ստիպված օգտվում ենք առավել բարձր տոկոսադրույքով վարկերից, որովհետեւ կեսից կանգ առնել չենք կարող։ Արդեն իսկ բավականաչափ ներդրումներ ենք արել, պիտի շարունակենք»,- ասում է Սրբուհին՝ ակնկալելով, որ գործընթացը սահմանապահ գյուղերի բնակիչների համար մի քիչ կհեշտացվի։
«Կայուն համայնքները» բիզնեսը հիմնողներին ծանոթացնում է նաեւ գործընկեր կազմակերպությունների, արտահանող ընկերությունների հետ: Աշխատանքներն ու դասընթացները կավարտվեն այս տարի, մինչ այդ Սրբուհին իր տանն է շարունակում զբաղվել չրագործությամբ։
Ասում է՝դժվարությունները հաղթահարելի են, եթե իմանան, որ սահմանին խաղաղ կլինի, ու կկարողանան աշխատել, բայց երաշխիքներ չկան։ «Չենք հիասթափվում, ներդրում ենք անում սահմանին, բայց դժվար է․ հարցականները շատ են, ռիսկերը՝ մեծ։ Հիմա ամեն ինչ անում ենք, քարը քարին ենք դնում, բայց հարց է՝ արդյո՞ք մի կրակոցից ամեն ինչ չենք կորցնի»։
Իսկ որպեսզի սահմանն ապրի, նման նախագծերից բացի պետք է կանգնել երիտասարդի կողքին, օգնել, որ կարողանա տուն հիմնել։ Սրբուհին ասում է՝ կարելի է, օրինակ, սեփականություն տրամադրել նորաստեղծ ընտանիքներին, նաեւ ֆինանսավորել սահմանապահ գյուղերի երիտասարդների կրթության ծախսերը՝ պայմանով, որ վերադառնան գյուղ եւ աշխատեն ստացած մասնագիտությամբ։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: