52-ամյա Մարգարիտա Մալայանը 2004 թվականին Երեւանից տեղափոխվեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ՝ մշտական բնակության։ 2011-ին վաճառեց Երեւանի իր բնակարանն ու Կիեւի մարզի Բուչա քաղաքում (հեռավորությունը Կիեւից՝ 34 կմ) բնակարան գնեց։ Նույն թվականին նա ամուսնացավ։
2022 թվականի փետրվարի 24-ին Մարգարիտան ու ամուսինն իրենց բնակարանում էին, երբ պայթյունների ձայներ լսեցին։ Բուչայից 3,5 կմ հեռավորության վրա գտնվող Գաստոմել քաղաքում ռազմական օդանավակայան կար, որը ռմբակոծվում էր։ Ուժգին ձայներն ու դղրդյունը սարսափի էին մատնել Բուչայի բնակիչներին։ Պատերազմի մեկնարկից երկու օր անց ռմբակոծության ու հրթիռակոծության ենթարկվեց նաեւ Բուչան։
«Մենք տուն ու տեղ էինք ստեղծել, նպատակներ ունեինք, բայց ամեն ինչ մի ակնթարթում փշրվեց․․․ Անսպասելի էր, երբեք չէի պատկերացնի, որ պատերազմ կլիներ։ Պատերազմի առաջին օրերին ռմբապաստարաններ էինք գնում։ Փետրվարի 25-ին, երբ փողոցով քայլում էինք, անսպասելիորեն մեր առջեւով ավտոճանապարհով տանկեր անցան․ դա սարսափելի էր։ Բարեբախտաբար այդ տանկերն ուղղակի անցան փողոցով, չէին կրակում այդ պահին»,- հիշում է Մարգարիտան։
Փետրվարի 27-ին եւ 28-ին Բուչան ռմբակոծվում էր։ Տարատեսակ զինտեխնիկա էր կիրառվում, անդադար լսվում էին պայթյունի ձայներ, ճիչեր, շենքեր էին փլվում․․․
Փետրվարի 28-ին Մարգարիտան միայն մի փոքրիկ ուսապարկ հասցրեց վերցնել, վերարկուն հագավ, ապա ամուսնու հետ վազքով դուրս եկավ տնից։ Այդ ժամանակ մարդիկ շտապում էին հեռանալ Բուչայից. ոմանք ավտոմեքենաներով էին ուզում դուրս գալ, ոմանք էլ վազում էին։ Քանի որ Մարգարիտան ու նրա ամուսինն ավտոմեքենա չունեին, ստիպված էին 3 կմ վազել։ Նրանց կողքով մեքենաներ էին անցնում ու չէին կանգնում։
«Այդ պահին ոչ մեկը շուրջը չէր նայում։ Մեզ պես շատերը կային, որ վազում էին փողոցներով ու մայթերով։ Ճանապարհներին պայթեցված մեքենաներ կային։ Մեր գլխավերեւում ուղղաթիռներ էին սլանում։ Տարբեր կողմերից կրակում էին․․․ մեր քաղաքը դժոխքի էր վերածվել։ 3 կմ վազեցինք առանց կանգ առնելու, մինչեւ հասանք մի տեղ, որտեղ մեքենաներ կային, ու հնարավոր էր դրանցով Կիեւ հասնել»,- հիշում է Մարգարիտա Մալայանը։
Այդ օրերին Բուչայում շատ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ մահացան։ Մարգարիտան որոշ սարսափելի տեսարաների ականատես եղավ, որոշ դրվագներ էլ տեսանյութերով տեսավ։ Դրանք դժոխային տեսարաններ էին, որոնք մինչեւ հիմա չի կարողանում մոռանալ։
Կիեւ հասնելուց հետո նրանք մի քանի օր ապրեցին ամուսնու ծնողների տանը, իսկ մարտի 7-ին Մարգարիտան մեկնեց Լվով (հեռավորությունը Ուկրաինա-Լեհաստան սահմանից՝ 70 կմ), այնուհետեւ՝ Լեհաստան։
«Քանի որ ամուսինս զինապարտության տարիքում էր, չէր կարող ինձ միանալ, արտերկիր մեկնելու իրավունք չուներ։ Ես ընկերուհուս ու նրա երեխայի հետ Լեհաստան հասա։ Այնտեղ մեզ կամավորները դիմավորեցին, որոնք ասացին, որ 6 հոգու կարող են ավտոբուսով ուղեկցել Գերմանիա՝ Բավարիա քաղաք։ Ես, ընկերուհիս ու նրա երեխան այդ կամավորների ուղեկցությամբ ավտոբուսով Գերմանիա հասանք»,- ասում է Մարգարիտան։
Լեհաստանում ու Գերմանիայում մարդասիրական օգնություն էին ցուցաբերում Ուկրաինայից տեղահանված քաղաքացիներին։
«Երբեք չեմ մոռանա, թե այդ երկրներում ինչ ջերմությամբ ու հոգատարությամբ մեզ ընդունեցին․ մարդիկ բարի էին ու կարեկից։ Երբ Բավարիա հասանք, մեզ տվեցին անհրաժեշտ իրեր, օթեւան, ավելի ուշ պետությունը նաեւ ֆինանսական օգնություն տրամադրեց։ Այդ երկրում մեզ ապաստան տվեցին, աշխատելու հնարավորություն։ Այժմ գործարանում եմ աշխատում»,- պատմում է Մարգարիտան։
Նա հիմա գերմաներեն է սովորում, հույս ունի, որ շուտով գերմաներեն ավելի լավ կխոսի եւ հնարավորություն կունենա վարսահարդարման կուրսերի հաճախելու, որպեսզի այդ երկրում որպես վարդահարդար աշխատելու թույլտվություն ստանա։ Մարգարիտան ասում է՝ շատ է կարոտում Ուկրաինան ու հարազատ Բուչան, բայց գիտի՝ եթե վերադառնա այնտեղ, աշխատանք գտնել չի կարողանա, սոցիալական մեծ խնդիրներ կունենա։ Ամուսինն արդեն Կիեւից տեղափոխվել է Բուչա, հիմա Բուչայում հարաբերական խաղաղություն է, բայց ոչ ոք հստակ չգիտի՝ ինչ կլինի հաջորդ պահին։ Մարգարիտան հույս ունի, որ շուտով ամուսինն էլ կգա Գերմանիա։
Հիմա Մարգարիտան աշխատանք ու խաղաղ առօրյա ունի, բայց ապրում է այս օրով, չգիտի՝ ինչ կլինի վաղը, չգիտի՝ առաջիկայում ինքն ու ամուսինը ո՛ր երկրում կկերտեն իրենց ապագան։ Պատերազմը փոխել է Մարգարիտային, հիմա նա կյանքին ուրիշ աչքով է նայում, գնահատում է ամեն ակնթարթը։ Ասում է՝ երբ մարդը կարդում է պատերազմի մասին, նա չի կարող զգալ այն, ինչ զգում է պատերազմի միջով անցած, մահից մի կերպ փրկվածը․․․
«Երկու դաժան պատերազմ խոցել են ինձ․ ես ցավում եմ իմ Հայաստանի եւ Ուկրաինայի համար։ Երկար տարիներ Հայաստանում չէի ապրում, բայց Հայաստանն իմ հայրենիքն է, որտեղ էլ ապրեմ, սիրտս ցավում է իմ հայրենիքի, զինվորների համար։ Պատերազմն ամենասարսափելի բանն է, որ երբեւէ տեսել եմ։ Պատերազմն ամեն ինչ փշրեց․ հիմա անձնական երազանքներ չունեմ, իմ երազանքը խաղաղությունն է»,- եզրափակում է Մարգարիտա Մալայանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։