Վրաստանի «Սակստատ» Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ երկրում սղաճը հասել է 11,5 տոկոսի։
Ամենաշատը թանկացել են սննդամթերքն ու ալկոհոլային խմիչքները՝ 17,6 տոկոս։ Այս ոլորտում տարեկան կտրվածքով գնաճը 5,44 տոկոսային կետ է։
Օգոստոսի համեմատությամբ որքան են թանկացել պարենային ապրանքները Վրաստանում
Օգոստոսի համեմատ պարենային ապրանքների գնաճի պատկերը Վրաստանում հետեւյալն է․ հացն ու հացաբուլկեղենը թանկացել են 32,8 տոկոսով, կաթը, պանիրն ու կաթնամթերքն առհասարակ՝ 23,3 տոկոսով։ Հանքային կամ աղբյուրի շշալցված ջուրը, ոչ ալկոհոլային խմիչքները, բնական հյութերը մեր հարեւան երկրում թանկացել են 22,5 տոկոսով, յուղը, կարագն ու մյուս ճարպերը՝ 21,2 տոկոսով։ Ձկան դեպքում թանկացումը եղել է 16,5 տոկոս։ Թանկացումից զերծ չեն մնացել նաեւ սուրճը, թեյը, կակաոն, շաքարը, ջեմերը եւ այլ անուշեղենները։ Այստեղ թանկացումը սուրճի, թեյի եւ կակաոյի դեպքում եղել է 18,9 տոկոս, նշված մյուս պարենամթերքների դեպքում՝ 15,8 տոկոս։ Ի դեպ, միսն ու մսամթերքը ավելի քիչ են թանկացել, քան ձուկը։ Այստեղ գնաճը եղել է է 9,8 տոկոս։ Թերեւս ամենաքիչը թանկացել են մրգերն ու խաղողը՝ 9,6 տոկոս։
Տրանսպորտային միջոցների խմբում գնաճը եղել է 14,1 տոկոս, ինչը տարեկան կտրվածքով արտացոլվել է սղաճի վրա՝ 1,69 տոկոսային կետի տեսքով։ Անհատական ավտոտրանսպորտի շահագործման մասով գնաճը եղել է 16,8 տոկոս, տրանսպորտային սպասարկման մասով՝ 13,7 տոկոս։
Բնակվարձի, ջրի, էլեկտրականության եւ գազի վարձավճարների մասով գնաճը եղել է 12,2 տոկոս, ինչը տարեկան կտրվածքով արտացոլվել է սղաճի վրա 1,18 տոկոսային կետի տեսքով։ Ընդ որում՝ փաստացի բնակվարձը թանկացել է 24,3 տոկոսով, բնակտարածքների ընթացիկ պահպանման եւ նորոգման ծախսերը աճել են 12,5 տոկոսով, էլեկտրաէներգիան, գազը եւ այլ տեսակի վառելիքների գնաճը եղել է 6 տոկոս։
Հյուրանոցների, սրճարանների եւ ռեստորանների խմբում 1 տարում գնաճը եղել է 14,9 տոկոս։ Սղաճի ընդհանուր պատկերում այն եղել է 0,63 տոկոսային կետ։ Հանրային սննդի ոլորտում գնաճը եղել է 15,4 տոկոս, իսկ գիշերային զվարճությունների ոլորտում՝ 5,8 տոկոս։
Նշենք, որ սղաճը տարեկան հաշվարկով Վրաստանում սկսել է աճել 2021-ի մարտից։ 2022-ի ապրիլին այն եղել է 12,8 տոկոս, մայիսին՝ 13,3 տոկոս, հունիսին՝ 12,8 տոկոս, հուլիսին՝ 11,5 տոկոս, օգոստոսին՝ 10,9 տոկոս։
Պատրաստեց Արման Գրիգորյանը