Մաշտոցի անվան Մատենադարանի հրատարակությամբ լույս է տեսել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Армения и Христианская Сирия. Культурные связи. IV-V вв.» գիրքը, որը նրա դոկտորական ատենախոսությունն է՝ պաշտպանված 1987-ին Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) համալսարանում:
Հանրապետության ներսում եւ շուրջը ստեղծված ծայրաստիճան վտանգավոր իրավիճակում ընթերցողը կասի՝ «Լավ, մի՞թե դրա մասին գրելու կամ խոսելու ժամանակն է»՝ նկատի ունենալով, որ հրատարակվածը հույժ գիտական եւ ուսումնասիրողների նեղ շրջանակի հետաքրքրող 35-ամյա վաղեմության ատենախոսություն է։ Նաեւ կնկատի, որ Տեր-Պետրոսյանն այս պահին ոչ թե գիտական գործունեությամբ է զբաղվում, այլ անում իրավիճակը փրկելու փորձեր։
Ավելի քան երեսուն տարվա ընթացքում մենք այդպես էլ չհասկացանք, որ գիտական կոչումն ու վաստակը քաղաքական գործչի պաճուճանքը չեն, ոչ էլ առանձին մի բան, որ եղել եւ մնացել է կենսագրական անցյալում։
Վրաստանում երբ հարցնում ես առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի մասին, նրան սիրող կամ չսիրող բոլորն ասում են, որ նախկին դեսիդենտն ու կարճատեւ նախագահն, ի դեպ, Աստվածաշունչն էր թարգմանում արդի վրացերենի։ Ու թեեւ ոչ ոք չի տեսել այդ թարգմանությունը, բայց նրան գովերգելուց կամ անիծելուց առաջ չեն մոռանում այդ փաստը։
Ուկրաինայում երբ հարցնում ես առաջին նախագահ Կրավչուկի մասին, անպայման ասում են, որ Լեոնիդ Մակարովիչը տնտեսագիտության թեկնածու էր, իսկ երկրորդ նախագահ Կուչմայի մասին խոսելիս չեն մոռանում, որ Լեոնիդ Դանիլովիչը Աստղագնացության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս էր եւ հիմնադիրն էր Ուկրաինայի տեխնոլոգիական գիտությունների ակադեմիայի։
Այսինքն՝ այդ հասարակություններում քաղաքական գործիչը, առաջնորդը եւ ուսյալ, իր ոլորտում հաջողության հասած գիտնականը դիտարկվում է որպես մի ամբողջություն, ու, կարծում եմ, որեւէ վրացու կամ ուկրաինացու մտքով չի անցնի քամահրանքով վերաբերվել, ասենք, հին ու նոր բազմաթիվ լեզուների տիրապետելու փաստին։
Նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի թեւավոր միտքը, թե «քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ», դարձել է մեր քաղաքական բնապատկերի հիմնական գույնը։
Խոսելուց առաջ, խոսելու պահին եւ դրանից հետո ոչ ոք ինքն իրեն հաշիվ չի տալիս, թե ասվածի տակ ինչ գիտելիք ու մտավոր պաշար կա։ Եվ հետեւաբար ոչ ոք չի կասկածում, թե հասարակության մեջ զբաղեցրած ի՛ր դիրքը քանի աստիճանով է ցածր իր իսկ մտավոր կարողության մակարդակից։
Այս խնդիրն ունեն բոլորը՝ առյուծ հեծնողից մինչեւ դիակի մոտ նկարվող նախագահ, զազրախոս արքեպիսկոպոս-թեմի առաջնորդից մինչեւ քաղաքագետ-վերլուծաբան, Ազգային ժողովի նախագահից մինչեւ շարքային կուսակցական, արտախորհրդարանական թանձրուկի ներկայացուցիչներից մինչեւ Վարչապետ, որն իր «հպարտ» ժողովրդի հետ խոսում է ծածկանունով։
Հրատարակված գիրքը՝ որպես հետազոտության արդյունք, անշուշտ պետք կգա նրանց, ովքեր մասնագիտության բերումով դրա կարիքն ունեն, իսկ մեզ է՛լ ի՞նչ է պետք, որ կարողանանք տարբերակել միտքը զառանցանքից, խոսքն աղմուկից, բանն անբանությունից։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։