ՀՀ երեք նախկին նախագահների ու Վեհափառ հայրապետի հետ երկխոսության առաջարկին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց իր ընտանիքին պատկանող լրատվամիջոցում «հավաստի աղբյուր» ստորագրությամբ հոդվածով։ Դրանով, ըստ էության, նա հեռակա կարգով մերժեց երկխոսության առաջարկը՝ միաժամանակ ներկայացնելով Հայաստանին Ադրբեջանի, ապա նաեւ Ռուսաստանի պահանջները։
Այսպիսով՝ պետության համար կենսական նշանակության հարցերը Նիկոլ Փաշինյանը քննարկման է ներկայացնում ոչ թե անձամբ՝ իր դեմքով, այլ լրատվամիջոցում ծածկանվամբ հոդվածներ հրապարակելով։ Ու կապ չունի՝ այդ հրապարակումների հասցեատերն ով է՝ նախկին նախագահնե՞րը, վեհափա՞ռը, որոնց նկատմամբ գործող վարչապետը, մեղմ ասած, ատելություն ունի (կարծես թե), թե՞ հասարակությունը։
Շատ ավելի վատ, եթե սա ներքին լսարանի համար է արվում (ինչպես շատերն են համոզված)։ Վարչապետը, որ իրեն համարում է լեգիտիմ, ժողովրդի ընտրյալ, տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու համար պողպատե մանդատ ստացած ղեկավար, պետք է ոչ թե թաքնվեր ծածկանվան տակ ու միջնորդավորված հրապարակումներով շփվեր, այլ անձամբ ներկայացներ Հայաստանի շուրջը ստեղծված իրավիճակն ու հնարավոր ելքերը։
Պատճառը պարզ է. ցանկացած պահի նա կարող է արդարանալ, որ «հավաստի աղբյուրն» ինքը չէ, ընդհակառակը՝ ինքը դեռ տարիներ առաջ է խզել կապը ընտանեկան լրատվամիջոցի հետ։ Նաեւ կարող է ցանկացած պահի հերքել հրապարակումը՝ ասելով, որ անճշտություն է տպագրված։ Հատկապես, երբ երկրորդ հրապարակումն, ըստ էության, Ռուսաստանին ուղղված բացահայտ մեղադրանքների շարք էր։ Եվ այս առումով պատահական չէ, որ այդ հրապարակմանն արձագանքեց պաշտոնական Մոսկվան՝ ՌԴ նախագահի խոսնակի միջոցով հրապարակումն անվանելով «հերթական անհեթեթություն»։ Նման հասցեական պատասխանը, ինքներդ եք հասկանում, թե ինչ է նշանակում։
Իսկ այսպես Փաշինյանը կարող է ցանկացած պահի արդարանալ, որ այդ անհեթեթությունների հետ ինքը կապ չունի, ընդհակառակը, շնորհակալ է ՌԴ նախագահին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի համար եւ մի բան էլ ավելի։
Այս ամենը լիովին տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի՝ պետություն ղեկավարելու տրամաբանության մեջ։ Ժամանակին նա խուսափեց Արցախյան խնդրի բանակցային գործընթացի մասին խոսելուց ու չներկայացրեց իրականությունը, չգնաց խաղաղ կարգավորման՝ վախենալով, որ իրեն «Նիկոլ դավաճան» կասեին. հիշում եք՝ այդ մասին նա խոսեց պատերազմից օրեր անց։ Արդյունքը՝ աղետալի պատերազմն ու հազարավոր զոհերն էին։
Նույնը նաեւ հիմա է։ Մանավանդ, երբ ԱԺ-ում, հիշում եք, հայտարարեց, որ ինքն իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների, ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում իրեն կարող են դավաճան հայտարարել։ Բայց տեսնելով արձագանքները (հիշում եք՝ ԱԺ–ի մոտ կեսգիշերային հավաքը), հաջորդ օրն իսկ շտապեց պարզաբանել ինքն իրեն՝ ասելով, որ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել ու չի էլ նախապատրաստվում ստորագրման։
Մինչ այդ մեկ արձանագրում էլ. ակնհայտ է, որ այս հրապարակումների շարքով Նիկոլ Փաշինյանը փորձում է մոտալուտ աղետների մեղավոր կարգել բոլորին՝ Ադրբեջանին, Ռուսաստանին, վաղը՝ Արեւմուտքին ու Իրանին, եւ վերջապես՝ ՀՀ նախկին իշխանություններին։ Փորձում է մեղավոր կարգել ամբողջ աշխարհին։ Բացի իրենից։ Չէ՞ որ ինքը հիմնական պատասխանատուն է, բայց ոչ երբեք մեղավորը։
Եվ այսպես նա խուսափում է խնդիրների կարգավորման գնալուց, խուսափում է փաստաթղթեր ստորագրելուց (որպեսզի վաղը իրեն չասեն դավաճան), իսկ եթե վաղը Հայաստանի նկատմամբ հերթական ագրեսիան իրականացվի, մեղավոր կլինեն բոլորը՝ բացի իրենից։ Այդ ժամանակ նա կարող է հայտարարել, որ իրեն կարելի կլինի մեղադրել ոչ թե պայմանագիր ստորագրելու, այլ ստորագրելու համար, ճիշտ այնպես, ինչպես արդարանում էր, որ ԼՂ հարցում իրեն պետք է մեղադրել ոչ թե հողերը հանձնելու, այլ չհանձնելու համար։
Եւ այս իշխանության համար ոչինչ, որ կրկին մարդիկ կզոհվեն, մի քանիսն էլ կգերեվարվեն (տարածքային կորուստների մասին էլ չենք ասում)։ Կարեւորը իշխանությունը ցույց կտա, որ փորձել է պայքարել, բայց պարտությունը «էն գլխից խեղճի գրպանն են գցել»։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: