ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ հոկտեմբերի 4-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հեռախոսազրույցը: Բլինքենը երախտագիտություն է հայտնել կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռնարկվող դրական քայլերի համար։
Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը եւ վերահաստատել Հայաստանին եւ Ադրբեջանին խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելուն օգնելու ԱՄՆ հանձնառությունը եւ ընդգծել, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է։
Բլինքենը ողջունել է հոկտեմբերի 2-ին նախարարների հանդիպումը՝ որպես կարեւոր առաջընթաց խաղաղ գործընթացում: Կողմերն իրենց կարծիքներն են ներկայացրել հոկտեմբերի 2-ին Ժնեւում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ:
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության՝ Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: Շեշտվել է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների կարգավորման անընդունելիությունը:
Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում ընդգծվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման եւ վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարեւորությունը:
Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության հաստատմանը: