Ըստ թուրքական Milliyet պարբերականի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հանդիպումը նախատեսված է անցկացնել Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, Երեւանի ժամանակով 20:00-ին։
Ավելի վաղ նման հանդիպման հնարավորության մասին հայտարարել էր Էրդողանը։ Հայկական կողմը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է սպասվող հանդիպման վերաբերյալ տեղեկությունը։ Infocom-ը փորձել է լուրի հավաստիությունը ճշտել վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում, որտեղ նշել են, որ առաջիկայում թեմայի վերաբերյալ կտրամադրեն անհրաժեշտ տեղեկություն։
Երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի սկզբից ի վեր սա Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների առաջին հանդիպումը կլինի։
Sabah պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ բանակցություններում նախատեսվում է քննարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը։ Մասնավորապես՝ Էրդողանը մտադիր է Փաշինյանին առաջարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպումները հաջորդաբար անցկացնել Թուրքիայում եւ Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրների տարածքում։