Ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքի՝ 2017-2022 թվականների հոկտեմբերի սկզբի դրությամբ մոտ 65 միլիարդ ՀՀ դրամի հատուցում է կատարվել 4855 զինծառայողների դեպքերով, նրանցից 4438-ը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են։
Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում հայրենիքը եւ նրա սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված, 1-ին եւ 2-րդ խմբերի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին։
Զոհվածների ընտանիքներին միանվագ տրվում է 10 միլիոն դրամ գումար եւ ամսական 200 հազարից մինչեւ 300 հազար դրամ՝ պայմանավորված զոհված զինծառայողի կոչումով։ Անհետ կորածների ընտանիքներին եւս միանվագ տրվում են 10 միլիոն դրամ եւ ամենամսյա հատուցումներ՝ հիմնականում 200 հազարից մինչեւ 250 հազար դրամ, իսկ անհետ կորած պայմանագրային զինծառայող սպաների ընտանիքներին` 300 հազար դրամ։ 1-ին կամ 2-րդ խմբի զինհաշմանդամություն ունեցողներին միանվագ տրամադրվում է 5 միլիոն դրամ եւ համապատասխանաբար՝ 250 հազարից մինչեւ 300 հազար դրամ եւ 100 հազարից մինչեւ 200 հազար դրամ։
Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո հիմնադրամը ՀՀ պաշտպանության նախարարությունից հատուցման դիմումներ դեռեւս չի ստացել։
Փոխհատուցման ստացման կարգը
Ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի՝ հատուցում ստանալու համար հաշմանդամություն ունեցող զինծառայողը կամ զոհված/անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամը պետք է դիմում եւ փաստաթղթերի փաթեթ ներկայացնի պաշտպանության նախարարություն տեղական ինքնակառավարման մարմնի իրավաբանական վարչության միջոցով, որից հետո դիմումի փաթեթը փոխանցվում է ԶԱՀ-ին՝ հատուցումներ տրամադրելու նպատակով։