ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական զինված հարձակման հետեւանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը։ Պատրաստվել է նաեւ հատուկ փակ զեկույց։ Պաշտպանն իր հրապարակային զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները, ներկայացրել մեծածավալ փաստահավաք աշխատանքների արդյունքները։
Զեկույցում ՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվող հայ զինծառայողների նկատմամբ ֆիզիկական բռնության, նվաստացնող վերաբերմունքի, վիրավորանքի եւ ծաղրանքի, ինչպես նաեւ զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների կադրերին, որոնք արժանացել են ադրբեջանական հազարավոր օգտատերերի բուռն քաջալերմանն ու գովաբանմանը։ Ներկայացվել են նաեւ Ադրբեջանի էթնիկ հայատյացության քաղաքականությանը բնորոշ այլ փաստեր։
Խոշտանգումը կատարվել է ոչ միայն ազգային, այլեւ գենդերային ատելության շարժառիթով
Պաշտպանն առանձնահատուկ ուշադրության է արժանացրել կին զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը փաստող տեսանյութերին, որոնք ակտիվ տարածվում էին ադրբեջանական սոցիալական կայքերում եւ տարբեր հարթակներում։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ տեսանյութերի ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռել փաստելու, որ կանանց նկատմամբ բռնությունը, նրանց մարմինների խոշտանգումը կատարվել են ոչ միայն ազգային, այլեւ գենդերային ատելության շարժառիթով։
Պաշպանը զեկույցում շեշտել է, որ հաճախակի բնույթ է կրել զոհված զինծառայողների մարմինների/մարմինների մասերի հրապարակումներին ուղեկցող «լավագույն հայը մահացած հայն է» եւ «լավագույն հայուհին մահացած հայուհին է» գրառումները։
Ատելության խոսքը քարոզվում է դպրոցներից սկսած մինչեւ պետական պաշտոնյաների ելույթներում
Ատելության ու բռնության կոչեր հնչել են ինչպես սոցիալական ցանցերի օգտատերերի, այնպես էլ հասարակական ու քաղաքական գործիչների, պաշտոնյաների խոսքում։ Զեկույցում ներկայացվում է նաեւ, որ ատելության խոսքը քարոզվում ու վերատադրվում է դպրոցներից սկսած մինչեւ պետական պաշտոնյաների ելույթներով։ Վերլուծված են կոնկրետ օրինակներ։
Պաշտպանի փաստահավաք աշխատանքները եւ մեդիամոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ ադրբեջանական պաշտոնատար անձինք եւ հասարակական գործիչները ՀՀ իշխանությունների, զինված ուժերի եւ նույնիսկ քաղաքացիական անձանց գործողությունների մասին իրենց խոսքում օգտագործում են «հայկական ֆաշիզմ» արտահայտությունը։ Հայաստանի Հանրապետության՝ «ֆաշիստական պետություն» լինելու գաղափարը բազմիցս արտահայտել է Ադրբեջանի նախագահը, որը հիմնվում է վերջինիս արած այն պնդման վրա, որ ՀՀ ներկայիս տարածքը «պատմական ադրբեջանական հողերի» վրա է կառուցված։
Հիմնականում թիրախավորել են սեպտեմբերին հարձակման ենթարկված համայնքները
Զեկույցում ներկայացվում է նաեւ դեռեւս 2022-ի հուլիս-օգոստոսին Պաշտպանի փաստահավաք առաքելության արձանագրած ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության ահաբեկման վերաբերյալ հավաստող փաստեր։ Հիմնավորվել է, որ խաղաղ բնակչության ահաբեկման ու վնասման ադրբեջանցի զինծառայողների գործողությունները, որպես էթնիկ ատելության շարժառիթով պայմանավորված ու հրամանատարության համակարգած գործողություններ, փաստացի միտված են եղել սեպտեմբերյան ագրեսիայի համար հիմքեր նախապատրաստելուն, քանի որ հիմնականում թիրախավորել են սեպտեմբերին հարձակման ենթարկված համայնքները։
Հրապարակային զեկույցի հաջորդ գլուխներում Պաշտպանն անդրադարձել է մարդասիրական հարցերին, տեղահանված ու ռազմական ակտիվ գոտիներից չտարհանված առավել խոցելի անձանց, սպանված ու վիրավորված քաղաքացիական անձանց, կենսական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին, ինչպես նաեւ զբոսաշրջությանն ու տնտեսությանը հասցված վնասներին։
ՄԻՊ գրասենյակից հավելել են, որ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, զինծառայողների նկատմամբ խոշտանգումների եւ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաեւ զոհված զինծառայողների կտտանքների փաստերը վերլուծված են երկրորդ ոչ հրապարակային զեկույցում եւ պատշաճ կարգով ներկայացվելու են միջազգային իրավասու կազմակերպություններին եւ դերակատարներին։