Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասի խաղաղ եւ անվտանգ զարգացումը Ռուսաստանի համար կենսական անհրաժեշտություն է, ուստի բոլոր այն հայտարարությունները, թե Ռուսաստանը երես է թեքել Հայաստանից, անհիմն շահարկումներ են։ Դեսպանը նշել է, որ Ռուսաստանը միշտ սատարում է խաղաղության ապահովմանը նպաստող բոլոր այն գործընթացները, որոնք հող կնախապատրաստեն Հարավային Կովկասի խաղաղ եւ անվտանգ զարգացման համար եւ թույլ չեն տա, որ ուժի կիրառման դրսեւորումներ լինեն։
«Մեզ համար շատ կարեւոր է, որ այս տարածաշրջանն ապահով լինի, ներդրում ունենա տարածաշրջանային եւ միջազգային տնտեսական գործընթացներում։ Ռուսաստանի համար սա շատ կարեւոր է, կենսականորեն կարեւոր։ ՌԴ-ն Հարավային Կովկասի հարեւանն է, ուստի ցանկացած շահարկում, թե Ռուսաստանը շրջվում է տարածաշրջանից, երես թեքում Հայաստանից, ոչ այլ ինչ է, քան սպեկուլյացիա։ Ես սա պաշտոնապես եմ հայտարարում»,- շեշտել է Կոպիրկինը։
ՌԴ դեսպանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի առաջնահերթություններից է։
Երեւանի եւ Բաքվի հետ կշարունակի աշխատել եռակողմ ձեւաչափով
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եռակողմ ձեւաչափով: Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ բավականին շատ բան է հայտնի, թե ինչ է անում Ռուսաստանը հայ–ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար։ Ըստ դեսպանի` կան եռակողմ մեխանիզմներ, որոնք հայտնի են եւ հիմնված են 2020 եւ 2021 թվականների պայմանավորվածությունների վրա։
«Բոլոր կողմերը համաձայն են, որ գործնական հարցերի լուծումը ճանապարհ կբացի տարածաշրջանի խաղաղ եւ անվտանգ զարգացման համար: Գնահատում ենք այդ ձեւաչափը եւ մեծ նշանակություն ենք տալիս: Չնայած խնդիրներին եւ մարտահրավերներին` ելնում ենք նրանից, որ դա բխում է բոլոր երկրների շահերից, որ կա քաղաքական կամք թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից, կշարունակենք աշխատել այս ձեւաչափով»,- ասաց Կոպիրկինը։
Ռուսական ներկայություն կա նաեւ հայ–ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում
Դեսպանը նշել է, որ ռուսական ներկայություն կա նաեւ հայ–ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները, սահմանապահները կապի մեջ են երկու կողմերի հետ, աշխատում են։ Իսկ դա կարեւոր գործոն է կայունության պահպանման եւ իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար։
«Կա մշտական քաղաքական երկխոսություն՝ ե՛ւ երկկողմ, ե՛ւ եռակողմ: Դա շատ ամուր է, վստահելի, կա բնական եւ սերտ շփում ամենաբարձր մակարդակով: Սա միջոցառումների մի ամբողջ շարք է, որի նպատակն է այնպես անել, որ իրավիճակը չվատանա, եւ անհրաժեշտ պայմանավորվածություններին հասնելու ուղղությամբ առաջխաղացում լինի»,- ընդգծել է Կոպիրկինը։
ՀԱՊԿ-ի մասին
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին առնչվող թեմային՝ դեսպանը նշել է, որ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը մտադիր է կազմակերպության պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնել կոնկրետ քայլերի նախագիծ, ըստ որի՝ ՀԱՊԿ-ը պետք է գործնականում ցույց տա կազմակերպության ներկայությունն ու դերն այս տարածաշրջանում: