Իսրայելական The Jerusalem Post պարբերականն անդրադարձել է այս տարվա սեպտեմբերի 3-ին Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի Բաքու այցելությանը։
Հոդվածի հեղինակ Սեթ Ֆրանցմանն այս այցը բավական կարեւոր է համարում, եթե հաշվի առնվեն ռուս-ուկրաինական պատերազմի եւ հայ-ադրբեջանական վերջին բախումները։ Իսրայելի պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ Բենի Գանցի այցը նվիրված էր անվտանգության եւ քաղաքական հարցերի քննարկմանը եւ միտված էր պաշտպանական ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության ամրապնդմանը։
Ընդ որում՝ Գանցի գլխավորած պատվիրակությունը բավական ներկայացուցչական է եղել, ինչը վկայել է՝ իսրայելական կողմը որքան է կարեւորում այդ այցը։ Բաքվում Գանցն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել են Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած փոփոխությունները այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերի» կնքումից հետո։ Քննարկվել են նաեւ թուրք-իսրայելական հաշտեցմանն առնչվող հարցեր։ Այս ամենով հանդերձ հոդվածագիրը հարցնում է՝ ինչու է Ադրբեջանն Իսրայելի համար այդքան կարեւոր, եւ տալիս է դրա պատասխանը։
Ադրբեջանը Իսրայելի համար նավթի հիմնական մատակարարներից է՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյխան խողովակաշարով. Իսրայելն իր սպառած նավթի մոտ կեսը ստանում է Ադրբեջանից։ Բացի դրանից՝ այդ երկիրն իսրայելական սպառազինությունների հիմնական ներկրողներից է: Հեղինակը դա պայմանավորում է հայ-ադրբեջանական ձգձգված հակամարտությամբ եւ այն հանգամանքով, որ առաջատար արեւմտյան երկրները Բաքվին արդիական սպառազինություններ չեն տրամադրում: Բաքուն միաժամանակ ձգտում է նվազեցնելու կախվածությունը ռուսական սպառազինություններից, եւ Իսրայելը Բաքվին օգնում է այդ հարցում։
2019-ի դրությամբ Ադրբեջանը Հնդկաստանից հետո իսրայելական ռազմական արդյունաբերական արտադրանքի թվով երկրորդ ներկրողն է՝ իսրայելական արտադրանքի 17 տոկոսի սպառողը։ Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ Ադրբեջանը սահմանակից է Իրանին եւ Թուրքիային: Իսկ դա կարեւոր է, եթե հաշվի առնենք, որ Իրանի եւ Թուրքիայի հանդեպ Իսրայելի վերաբերմունքը միանշանակ չէ։
Հոդվածագիրն անդրադարձել է նաեւ իսրայելա-ադրբեջանական սերտ հարաբերությունների վերաբերյալ հնչող քննադատություններին, որտեղ նկատելի է «հայկական թեմատիկան», ինչպես նաեւ ներկայացված են այլ տարածաշրջանային եւ գլոբալ քաղաքական նշանակության հարցեր։
Թեեւ իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները շատերի համար վիճելի են, այդուհանդերձ, Իսրայելի ղեկավարության համար դրանք ռազմավարական նշանակություն ունեն, եւ այդ հարաբերությունները շարունակելու են զարգանալ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը