Եվրախորհրդարանի անդամ, բելգիացի քաղաքական գործիչ եւ գործարար Թոմ Վանդենդրիշեն թվիթերյան գրառման մեջ հայտնել է, որ Եվրոպական խորհրդարանում խորհրդանշական ակցիայով աջակցություն են հայտնել Հայաստանին:
«Քրիստոնեական Հայաստանը դաժան հարձակման է ենթարկվում իսլամական Ադրբեջանի կողմից։ ԵՄ-ն դա չի նկատում այն ժամանակից ի վեր, երբ Ֆոն դեր Լյայենը սկսեց գազ խնդրել ադրբեջանցիներից։ Մենք «Ինքնություն եւ ժողովրդավարություն» խմբի պատվիրակության հետ աջակցություն ենք հայտնում Հայաստանին` խորհրդանշական ակցիա իրականացնելով Եվրոպական խորհրդարանում»,-ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Վանդենդրիշեն։
Հայկական արյո՞ւնն է ավելի կարեւոր, թե՞ ադրբեջանական գազը
Նախօրեին ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Ժորդան Բարդելան, դիմելով Եվրահանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին հարցադրում է արել. ի՞նչն է Եվրամիության համար ավելի կարեւոր՝ ադրբեջանական գա՞զը, թե՞ հայկական արյունը:
«Կարծում եմ՝ ես արդեն գիտեմ պատասխանը, քանի որ Եվրահանձնաժողովի նախագահ տիկին Ֆոն դեր Լայենը ստորագրել է Ադրբեջանից գազի մատակարարումը կրկնապատկող պայմանագիր՝ առանց երբեւէ պաշտոնական հայտարարությամբ պաշտպանելու հայերին, որոնք ենթարկվեցին հարձակման սեփական հողի վրա»,- նշել է պատգամավորը։
Ժորդան Բարդելան նշել է, որ վերջին օրերին հաստատված տեսանյութերում երեւում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար սպանում հայ զինվորներին։
«Ինչի՞ն եք սպասում, որ մատնացույց անեք Բաքվի սանձազերծած այս կեղտոտ պատերազմը։ Առանց ամերիկյան կառույցների մի՞թե Եվրոպան անկարող է դարձել դիրքորոշում արտահայտել համաշխարհային հարաբերություններում։ Միգուցե դա Թուրքիային մերկացնելու վախի՞ց է, որը, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ուղղակիորեն սատարում է Ադրբեջանի հավակնություններին»,- հայտարարել է ֆրանսիացի օրենսդիրը։
Ֆրանսիացին ընդգծել է, որ ինքը չի մեղադրում մեկ աղբյուրից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը նվազեցնելուն ուղղված գործողությունները։
«Մենք մեղադրում ենք ձեզ անկանխատեսելիության եւ գաղափարական կուրության, ինչպես նաեւ նրա համար, որ դուք այս ամենն անում եք շտապելով ու զոհաբերելով Հայաստանի ժողովրդի հետ եվրոպական բարեկամությունը։ Մեր քաղաքակրթությունն այրվում է, իսկ Եվրոպան այլ կողմ է նայում»,- ասել է Ժորդան Բարդելան։
Բարձրագույն հանձնակատարը չի արձագանքել ֆրանսիացի պատգամավորի այս դիտարկումներին։