The New York Times պարբերականը գրում է, որ առաջին անգամ ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 31 տրիլիոն դոլարը՝ կազմելով 31,123 տրիլիոն դոլար։ Ըստ պարբերականի՝ բարձր տոկոսադրույքները հանգեցնում են փոխառությունների մասով ավելի շատ ծախսերի, իսկ Բայդենի քաղաքականությունը մեծացնում է դաշնային բյուջեի դեֆիցիտը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունում կարծում են, որ այս շեմի հաղթահարումը քաղաքական խնդիրներ է ստեղծում ԱՄՆ նախագահի համար: Ջո Բայդենը խոստացել էր կրճատել դաշնային բյուջեի դեֆիցիտը մեկ տասնամյակի ընթացքում 1 տրիլիոն դոլարով։
Մինչդեռ Բայդենի վարչակազմի օրոք, ըստ պարբերականի, դաշնային բյուջեի դեֆիցիտը ավելացել է մոտ 5 տրիլիոն դոլարով։ Բացի դրանից՝ Դաշնային պահուստային հիմնադրամը սեպտեմբերին բարձրացրել էր մեկնարկային տոկոսադրույքը 3-3,25 տոկոսի։ Սպասվում է, որ այն կարող է հասնել մինչեւ 4,25-4,5 տոկոսի։
Մասնագետներն անհանգիստ են, որ ամերիկյան դաշնային կառավարությունը շարունակ նոր պարտատոմսեր է թողարկում, ինչը մտավախություն է առաջացնում. կարող է գալ մի պահ, երբ ներդրողները վստահ չլինեն, որ կառավարությունն ի վիճակի է փակելու սեփական պարտքերը։
Կանխատեսվում է, որ պետական պարտքը կարող է որոշակիորեն նվազել 2023-ին, սակայն չի բացառվում, որ 2024-ին նորից կավելանա։
Պատրաստեց Արման Գրիգորյանը