«Կարեւոր պատմություններ» պարբերականի եւ Conflict Intelligence Team (CIT) հետաքննական խմբի ուսումնասիրություններով Ռուսաստանի 53 շրջաններում երկու շաբաթում մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչվել է առնվազն 213,2 հազար մարդ։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտնել էր, որ արդեն զորակոչվել է 200 հազար մարդ։ 213,2 հազար թիվը, սակայն, վերջնական կամ ամբողջական չէ, քանի որ 32 դաշնային սուբյեկտից տվյալներ չկան։ Հաշվարկները կատարելիս օգտվել են մամուլի հրապարակումներից եւ բաց աղբյուրներում եղած տվյալներից։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ զորահավաքը դաշնային սուբյեկտներում հավասարաչափ չի ընթանում։ Ամենաբարձր մակարդակը Կրասնոյարսկի երկրամասում է, որտեղ զորակոչվել է 28 հազար մարդ կամ շրջանի ընդհանուր պահեստազորայինների 5,5%-ը։ Սա այն դեպքում, երբ Շոյգուն ասել էր, որ պահեստազորայինների ոչ ավելի քան 1%-ը կամ 1,1%-ն է նախատեսվում ընդգրկել զորահավաքին։ Ըստ նրա՝ զորակոչված քաղաքացիները վերապատրաստվում են 80 հրաձգարանում եւ ուսումնական 6 կենտրոնում։
Ուշագրավ է այն, որ ոչ բարեկեցիկ շրջաններում զորահավաքն ավելի արագ է ընթանում։ Մասնավորապես, Բուրյաթիայում զորահավաքն ընդգրկել է պահեստազորայինների 3,7%-ը, Դաղստանում՝ 2,6%-ը, Կալմիկիայում՝ 2,2%-ը։ Ի դեպ, հենց այդ անապահով շրջաններն էլ մարդկային կորուստների առումով ամենաշատն են տուժել ռուս-ուկրաինական պատերազմից: Դաղստանը այս պատերազմում մինչ օրս տված զոհերի թվով առաջին տեղում է, Բուրյաթիան՝ երկրորդ։
Պարբերականը նշել է, որ այն շրջաններում, որտեղ բողոքի տրամադրությունները շատ են, այնտեղ զորահավաքի ծավալներն ավելի ցածր են, այսինքն՝ իշխանությունները որոշակի զգուշավորություն են ցուցաբերում՝ հավելյալ ներքին հանրային լարվածություն այդ բարդ իրավիճակում չհարուցելու համար։
CIT-ի մասնագետներն իրենց հերթին համոզված են, որ մասնակի զորահավաքի համար հայտարարված 300 հազարը վերջնական թիվ չէ, եւ եթե այդ թիվը լրացվի, միանշանակ աճելու է։ Որոշ մասնագետներ չեն բացառել, որ մասնակի զորահավաքի ընթացքում կզորակոչվեն շուրջ մեկ միլիոն պահեստազորայիններ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը