ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ իրենց բնակարանները վարձակալության տվող կամ գումարը որպես փոխառություն տվող քաղաքացիներն այսուհետ չեն կարողանա խուսափել հարկերից։
Ներկայացնելով Հարկային օրենսգրքում միկրոձեռնարկատիրությանը վերաբերող փոփոխությունների նախագիծը՝ նախարարը հիշեցրել է, որ միկրոձեռնարկատիրությունն ի սկզբանե նախատեսվել է ինքնազբաղված քաղաքացիների համար, որի դեպքում վերջինները տարեկան մինչեւ 24 միլիոն (ամսական միջինը 2 միլիոն դրամ) եկամտի դեպքում ազատվում են հարկերից։ Ըստ Խաչատրյանի՝ գործող օրենսդրությամբ միկրոձեռնարկատիրության համար հստակ գործունեության ոլորտներ սահմանված չեն, ինչը որոշակի սողանցքների հնարավորություն է տալիս։
Նա օրինակ է բերել, որ մարդը կարող է իրեն միկրոձեռնարկատեր հայտարարել եւ իր գույքը տալ վարձակալության, ապա վարձակալությունից, օրինակ՝ բնակարանի վարձից, պահանջել ստացած եկամուտները, որպեսզի չհարկվեն, քանի որ ինքը միկրոձեռնարկատերի կարգավիճակ ունի։
«Այն դեպքում, երբ բնակարանի վարձակալության դեպքում քաղաքացին իր ստացած եկամուտներից պետք է վճարի 10 տոկոս եկամտային հարկ։ Մեկ այլ դեպքում մարդը կարող է փոխառության տալ իր գումարը մեկ այլ անձի ու փոխառության դիմաց ստացած տոկոսային եկամուտները, որպես միկրոձեռնարկատեր, պահանջել, որ չհարկվեն»,– նշել է Խաչատրյանը։
Ըստ նախարարի` օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում այսօրինակ պասիվ եկամուտները չազատել հարկումից, մասնավորապես` 10 տոկոս եկամտահարկից։
Նոր կարգավորմամբ նախատեսվում է նաեւ սահմանափակել վարձու աշխատողների աշխատավարձերից հարկվող եկամտահարկից խուսափելու հնարավորությունը։
Տիգրան Խաչատրյանը նշել է, որ որպես միկրոձեռնակատեր գրանցված գործատուներն իրենց աշխատողներին վճարվող աշխատավարձի դիմաց եկամտահարկ չեն վճարում։ Բացի դրանից՝ երբեմն խոշոր ընկերություններն իրենց աշխատողներին գրանցում են որպես միկրոձեռնարկատեր` խուսափելով նրա եկամուտների դիմաց հարկումից։
Այդուհանդերձ, ֆինանսների նախարարի համոզմամբ, առաջարկվող խստացումներն ամբողջ հարկային դաշտը չեն կարող կարգավորել։
Հայաստանում վերջին շրջանում Ռուսաստանից տեղափոխվածների ներհոսքի շնորհիվ բավական աշխուժացել է բնակարանների վարձակալության գործընթացը։ Պետության եկամուտների վրա, սակայն, այս աճը չի նկատվում։