Ըստ Forbes պարբերականի՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը մինչեւ հոկտեմբերի վերջը կփակի կապի սրահների զարգացմամբ զբաղվող «Ռոստելեկոմ մանրածախ համակարգեր» դուստր ձեռնարկությունը։
Ընկերությունը ՌԴ տարածքում ուներ 800 սպասարկման սրահ, որտեղ հաճախորդները՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, կարող էին միանալ ընկերության կապին, ձեռք բերել ծառայություններ, կատարել վճարումներ, դրամական փոխանցումներ անել, գնել սմարթֆոններ եւ իրականացնել այլ գործառնություններ։
Սակայն ընկերությունը դեռ օգոստոսին նախազգուշական նամակ էր ուղարկել «Ռոստելեկոմ մանրածախ համակարգեր» դուստր ընկերության աշխատակիցներին, որ վերջիններս հավանաբար կազատվեն աշխատանքից, քանի որ առաջիկա երկու ամսում այդ ընկերությունը փակվելու է։
Պատճառն այն է, որ ընկերությունը դժվարություններ ունի Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո։ Աշխատանքը կորցնող աշխատակիցներին ընկերությունը հավելավճարներ է խոստացել։
«Ռոստելեկոմի» մամուլի ծառայությունը, սակայն, պարզաբանել է, որ իրականացվում է ծառայությունների հեռավար անցում, ավելի ստույգ՝ այդ անցումը մտել է ավարտական փուլ, ինչն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ հաճախորդների գրեթե 100 տոկոսը նախընտրում է սպասարկման առցանց տարբերակը։
2021-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Ռոստելեկոմ մանրածախ համակարգերում» աշխատում է 2155 մարդ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը