Սահմանվել են Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած նոր սանկցիաները՝ ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման։ Նոր սանկցիաները պահպանում են 2022 թվականի դեկտեմբերից ռուսական նավթի եւ ռուսական ծագման նավթամթերքների տրանսպորտայնացման արգելքը, որը կգործի հաջորդ տարվա փետրվարից։
Բացի այդ՝ սահմանվում է ռուսական նավթի համար գնի վերին շեմ։ Եթե ռուսական ծագման նավթն ու նավթամթերքը գնված են ավելի էժան, քան վերին շեմն է, ապա եվրոպական օպերատորները դրանք կարող են ներկրել ԵՄ տարածք։ Շեմի չափը կհստակեցվի առանձին։ Դա արվում է, որպեսզի ավելի նվազեցվեն Ռուսաստանի եկամուտները՝ պահպանելով հանդերձ կայունությունը համաշխարհային էներգետիկ շուկայում։
Նոր սանկցիաներով կարգելվի ընդհանուր առմամբ 7 միլիարդ եվրոյի ապրանքատեսականու ներկրում Ռուսաստանից դեպի ԵՄ տարածք, այդ թվում նաեւ՝ տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, որոշ քիմիկատներ, հագուստ, կաշվեղեն, կերամիկա եւ ոսկերչական իրեր։ Կարգելվի որոշ էլեկտրոնային բաղադրիչների արտահանումը դեպի Ռուսաստան, որոնք կիրառվում են ռազմական արդյունաբերության մեջ, ինչպես նաեւ տեխնիկական սարքավորումներ, քիմիական նյութեր եւ ապրանքներ, որոնք կիրառվում են ավիացիոն արդյունաբերությունում։
Ավելին՝ ԵՄ քաղաքացիները չեն կարող ղեկավար պաշտոններ զբաղեցնել ռուսական պետական ձեռնարկություններում, արգելվում է ռուսական նավագնացության ծովային ռեգիստրի հետ ցանկացած գործառնություն, ինչպես նաեւ Ռուսաստանին ցանկացած ֆինանսական ծառայության մատուցում կամ խորհրդատվություն ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում։
Արգելքը տարածվում է մի շարք այլ բիզնես ծառայությունների վրա։ Ռուսները չեն կարողանա ունենալ կրիպտոակտիվներ ԵՄ տարածքում։ Բացի այդ՝ այժմ արդեն սանկցիաներ կարող են կիրառվել նրանց հանդեպ, ովքեր օգնել են, որ ՌԴ-ի դեմ սահմանված սանկցիաները շրջանցվեն։
Պատրաստեց Արման Գրիգորյանը