Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը: «Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կարող ենք հարևանական հարաբերությունների հիմքի վրա իրական կարգավորման հասնել»,- մեջբերում է Sabah պարբերականը:
«Հանդիպման ընթացքում որոշ պահանջներ ներկայացվեցին: Այս պահանջների հետ կապված հանձնարարականներ ենք տվել: Մեր արտաքին գործերի նախարարները հանդիպում են ունենալու, որից հետո ստացված արդյունքների հիման վրա էլ կձեռնարկենք մեր հաջորդ քայլերը»,- հավելել է Էրդողանը:
Էրդողան-Փաշինյան հանդիպմանը հայկական պատվիրակության կազմում էին արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, թուրքական կողմից՝ արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը եւ հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։
Փաշինյանն ու Էրդողանն, իրենց հերթին, կարգավորման գործընթաց սկսել էին 2020-ի 44-օրյա պատերազմից հետո՝ խոստանալով հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Մինչ այժմ, սակայն, ամենամեծ ձեռքբերումը եղել է օդային հաղորդակցության վերականգնումը, եւ համաձայնությունը՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների առջեւ, սակայն այդ համաձայնությունը իրագործելու պայմանները դեռ չեն հստակեցվել։ Հայաստանի հատուկ բանագնացը՝ Ռուբեն Ռուբինյանը օրեր առաջ «Ազատությանն» ասել էր, որ սեպտեմբերի 14-ին պետք է այս հարցով հանդիպում տեղի ունենար, որը, սակայն, թուրքական կողմը որոշել էր չեղարկել․ դրա նախօրեին Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա՝ բռնազավթելով որոշ տարածքներ։
«Ազատություն» ռադիոկայանը Թուրքիայի նախագահից հետաքրքրվել է՝ ի՞նչն է խոչընդոտում բացել հայ — թուրքական սահմանը հիմա: Էրդողանը ըստ էության չպատասխանեց, միայն ասաց, թե Անկարան կշարունակի քաղաքականությունը, որ բանեցնում էր մինչ այժմ։
Վերջին անգամ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները հանդիպել էին 2009-ին, երբ Թուրքիայի Բուրսա քաղաքում ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպման ժամանակ հանդիպեցին այն ժամանակվա նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Աբդուլլահ Գյուլը: