Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններն իսկապես վտանգավոր էին։
Այս անգամ էլ նա խոսեց ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի, իր ստացած ժառանգության մասին, փորձեց արդարանալ, որ ցանկացել է փոխել ընթացքը (հիշում եք հայտնի հայտարարությունը, թե բանակցությունները սկսել է իր կետից), բայց չի ստացվել։ Այնպես որ, պատերազմի, պարտության ու բոլոր–բոլոր ձախողումների համար մեղավոր են բոլորը՝ բացի իրենից, որովհետեւ ինքն այդ ամենի զոհն է դարձել։ Սա այն հիմնական թեզն է, որ 44-օրյա աղետից հետո Նիկոլ Փաշինյանը կրկնում է ամեն անգամ ԼՂ խնդրի մասին խոսելիս։
Նրա փաստարկներում, իհարկե, կան նաեւ ճշմարտության որոշ հատիկներ։ Թեկուզ այն, որ բանակցային գործընթացին անդառնալի հարված հասցրել է Ռոբերտ Քոչարյանը դեռ 1998 թվականից, երբ Ղարաբաղը դուրս թողեց բանակցային գործընթացից եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի փիլիսոփայությունը փոխեց Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի, 1999-ին ստորագրեց Ստամբուլյան խարտիան, Սերժ Սարգսյանն էլ միայն խորացրել է իրավիճակը եւ այլն, եւ այլն։ Փաստարկները շատ են։ Այդ մասին շատ-շատ է խոսվել։ Բայց Նիկոլ Փաշինյանն ինչպես միշտ կիսաճշմարտություններ է ասում՝ փորձելով մանիպուլացնել հասարակությանը։
Ի վերջո ի՞նչ պետք է աներ երկրի համար կարեւորագույն խնդրում վատ ժառանգություն ստացած ղեկավարը։ Պատասխանը կարծես թե պարզ է՝ իշխանության մեկնարկին պարտավոր էր «գույքագրել», գնահատական տալ իր ստացած բանակցային ժառանգությանը ու ձեւակերպել իր օրակարգը։ Ժամանակին Փաշինյանին նման առաջարկ արվել է։
Ու քանի որ Փաշինյանը չի գնացել այդ քայլին, նշանակում է, որ ժամանակին համաձայն է եղել ստացած ժառանգության եւ ամենակարեւորը՝ խնդրի լուծման այդ փիլիսոփայության հետ՝ համարելով, որ կարող է իրագործել նշված թեզերը, բանակցային սեղանին եղած սկզբունքները՝ պարզապես զրոյական կետից սկսելով։
Բայց Նիկոլ Փաշինյանի ելույթի վտանգավոր թեզերը ԼՂ խնդրի բանակցային ժառանգության վերաբերյալ գնահատականների հետ չէին կապված։
Նա ավելի առաջ է գնացել եւ արդեն քննարկում է Հայաստանի Անկախության հռչակագիրը եւ իր «Արցախը Հայաստանն է ու վերջ» արտահայտությունը փորձում է հենց հռչակագրի նախաբանում ամրագրված մի մտքով մեկնաբանել․ «1990 թվականին ՀՀ Անկախության հռչակագրի նախաբանում հղում է արված ԼՂ-ի եւ ՀՀ-ի վերամիավորման մասին ԳԽ եւ ԼՂԻՄ Ազգային խորհրդի որոշումներին։ Եվ այն փաստը, որ նախորդ իշխանության ներկայացուցիչներն ինձ ամենամեծ քննադատությունն ուղղում են այդ առումով, նշանակում է՝ նրանք խոստովանում են, որ իմ իշխանությունը ստանձնել, եւ այդ հայտարարությունն անելու պահին մենք արդեն գործ ենք ունեցել Անկախության հռչակագրի բովանդակության չեղարկման հետ՝ նախորդ բոլոր բանակցողների կողմից, բոլոր՝ առանց բացառության»։
Կարելի է բավական երկար խոսել այն մասին, թե ինչու 1990–ին Անկախության հռչակագրում նման դրույթ ամրագրվեց։ Կարելի է բացատրել, որ հռչակագիրն ընդունելուց չորս տարի անց իրականում այդ միացումը եղած-պրծած էր։ Եվս երեք տարի՝ դառնալու էր փաստաթղթավորված, եթե չլիներ 1998–ի պետական հեղաշրջումը։ Կարելի է խոսել, թե նորանկախ Հայաստանը միջազգային իրավունքի տեսանկյունից ինչո՞ւ շեշտը հենց ինքնորոշման իրավունքի վրա դրեց։
Բայց բացատրելն իմաստ չունի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է գիտակցում այս ամենը։ Գիտակցում է, սակայն միաժամանակ շարունակում է իր սխալների համար մեղավորների փնտրել ու ամեն ինչ բարդել ինչ–որ մեկի կամ ինչ–որ բանի վրա։ Արդեն նոր թիրախ է գտել՝ Անկախության հռչակագիրը, որով էլ փորձում է հիմնավորել իր նախապատերազմյան արկածախնդրությունը։
Իսկ հասկանո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը, թե ինչպես է իր խոսքերով շահարկումների առիթ տալիս հակառակորդ պետություններին նույն այդ Անկախության հռչակագրի հետ կապված։ Թե՞ այնուամենայնիվ, ներքաղաքական դաշտում այսրոպեական դիվիդենտ շահելու համար կարելի է ոտնատակ տալ նաեւ բարձր արժեքները։
Ժամանակը ցույց է տվել, որ այն ամենը, ինչ փորձում է փրկել Նիկոլ Փաշինյանը, ընդհակառակը, որոշ ժամանակ անց հասցնում է աղետի շեմին։
Այնպես որ, ամենեւին չզարմանաք, եթե առաջիկայում պարզվի, որ Նիկոլ Փաշինյանի ձախողումների համար Հայաստանի Հանրապետությունը, Անկախությունն է մեղավոր։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: