Հայաստանում յուրաքանչյուր աշխատող աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում ունի պաշտպանության իրավունք։ Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով։ Իրավաբաններն ահազանգում են. վերջին 3 տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ հաճախակիացել են քաղաքացիներին կամայականորեն աշխատանքից ազատելու դեպքերը: Բացի հիմնական՝ քաղաքական ու անձնական դրդապատճառներից՝ դեպքերի ավելացման պատճառ են դարձել նաեւ համավարակի հետեւանքով մասնավոր կազմակերպությունների եւ սպասարկման կենտրոնների փակումը, համայնքների խոշորացման արդյունքում աշխատատեղերի կրճատումը:
Քաղաքացու ոտնահարված իրավունքների, ապօրինություն թույլ տված գործատուի անպատժելիության թեմայով քննարկում իրականացվեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի եւ դերի հզորացում հանուն աշխատանքային իրավունքների եւ սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակում: Նախաձեռնողը «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ն էր:
«Ասպարեզ» լրատվական կայքի խմբագիր Անի Մկրտչյանն ապօրինի աշխատանքից զրկվածների բազմաթիվ դեպքեր է ուսումնասիրել: Հիմնականում պետական կրթական հաստատություններ կան, որտեղ տնօրենը միանգամից իրեն ոչ հաճելի մի քանի մարդկանց է աշխատանքից ազատել: Աշխատակիցները դիմել են դատարան, վերականգնվել աշխատանքի: Նրանց հարկադիր պարապուրդի համար վճարվել է տվյալ պետական կառույցի բյուջեից: Փորձագետ-լրագրողը դիմում է օրենսդիր եւ գործադիր մարմիններին, հարցնում՝ չե՞ն ուզում արձանագրել, թե՞ չեն նկատում, որ օրենքը թերի է: Պետական պաշտոնյան կարող է աջուձախ մարդկանց ազատել աշխատանքից ու անգամ նկատողության չենթարկվել: Փոխարենը աշխատանքից զրկված քաղաքացին ու գործատուն անհավասար պայմաններում են դատարանում. ի՞նչ ունի մտածելու գործատուն, դատը չշահեց՝ ոչինչ, պետությունը կփոխհատուցի:
Հանրային պաշտպան Արմենուհի Ղանդիլյանը մեկ այլ կարեւոր խնդիր է մատնանշում. մարդիկ խուսափում են աշխատավայրում իրենց խախտված իրավունքների մասին բարձրաձայնելուց: Քաղաքացիներն ավելի հաճախ չվճարված աշխատավարձի բռնագանձման համար են դիմում դատարան, իսկ աշխատանքի վերականգնվելու համար անհամեմատ ավելի քչերն են դատարանի օգնությանը դիմում: Դատավարությունը շատ երկար է ձգվում, քաղաքացին էլ որոշում է չգնալ ո՛չ դատավարության, ո՛չ քաշքշուկի մեջ հայտնվել:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արինա Մեծոյանը կորցրած աշխատանքին վերականգնվելու համար դատարան չդիմելու եւս մեկ պատճառ է նշում: Շատ հաճախ դատավորը տարբերակված մոտեցում է ցուցաբերում: Տառացի նույնաբովանդակ հայցադիմումին դատավորը կարող է մի դեպքում դրական, մեկ այլ դեպքում բացասական լուծում տալ:
Բացի այդ՝ ըստ տիկին Մեծոյանի խնդիրը նաեւ քաղաքացիների անիրազեկվածությունն է: Աշխատողն անգամ չգիտի` ինչ պայմանագրով է աշխատում՝ ծառայության մատուցմա՞ն, թե՞ աշխատանքային: Այդպիսի մարդիկ ավելի հեշտ են աշխատանք գտնում, քանի որ գործատուն չի սիրում իրազեկ աշխատողի, բայց ավելի հաճախ են ենթարկվում ղեկավարի կամայական վերաբերմունքին: Փաստաբանն առաջարկում է, որ օրենքով վերահսկվեն գործատուի քայլերը: «Երբ գործատուն հասկանա, որ պատասխանատվություն է կրելու, գուցե կամայական որոշում կայացնելուց առաջ եւս մեկ անգամ մտածի»:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գեւորգյանն էլ ասում է՝ շատ դեպքերում մինչեւ երկարաշունչ դատական գործընթացն ավարտվում է, գործատուն մեկ այլ աշխատողի է ընդունում եւ այլեւս հիմքեր չի ունենում նոր աշխատակցին ազատելու, վերականգնվածին ընդունելու:
«Ալիք Մեդիան» զրուցել է ապօրինի աշխատանքից ազատված եւ դատարանի վճռով նույն աշխատանքին վերականգնված Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանի հետ:
Գյումրիում շատերն են հիշում հասարակական հնչեղություն ստացած այս միջադեպը, երբ ՇՊՀ-ի նախկին ռեկտոր, կարկառուն ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը դատարանի հետագա եզրակացությամբ՝ օրենքի կոպտագույն խախտումով, աշխատանքից ազատել էր համալսարանի դասախոսների, այդ թվում՝ Գագիկ Համբարյանին: Վերջինս դիմել էր դատարան աշխատանքի վերականգնվելու պահանջով: 2018 թվականին իշխող ուժի փոփոխության հետ աշխատանքից ազատվել էր նաեւ ռեկտորը, որին փոխարինած ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը Սահակ Մինասյանի որոշման ուժը կորցրած չէր ճանաչել:
Համբարյանն ասում է՝ գործատուների անձնական դրդապատճառներով պետական հաստատությունները ներքաշվում են դատական գործընթացների մեջ, որոնք ահռելի ֆինանսական միջոցներ են արժենում տվյալ հիմնարկի համար: Օրինակ է բերում. ՇՊՀ-ն վերջին 4 տարիներին 10 միլիոն դրամից ավելի գումար է ծախսել դատարանում վերը նշված խնդրով: «Միայն ինձ աշխատանքից ազատելն ու վերականգնելը համալսարանի վրա նստեց 2 միլիոն 400 հազար դրամ, որից միայն փաստաբանին տրվել է 1 մլն 400 հազար դրամ, մնացածը՝ հարկադիր պարապուրդի փոխհատուցում: Միայն փաստաբանի գումարը 4 ուսանողի մեկ տարվա վարձավճար է»: Համբարյանը եւս մեկ խախտում է արձանագրում. «Համալսարանն ունի իրավաբան, իրավախորհրդատու, որոնք պետք է դատարանում պաշտպանեն կառույցի շահերը, բայց ղեկավարությունը պետական բյուջեի հաշվին այլ փաստաբանի ծառայությունից է օգտվել՝ հավելյալ գումար վճարելով»:
Համբարյանն առաջարկում է, որ պետությունը օրենք մշակի, ըստ որի, եթե գործատուն մեկ ագամ ապօրինաբար ազատում է աշխատակցին, պետք է ինքը վճարի թե՛ դատական, թե՛ աշխատավարձի փոխհատուցման ծախսերը: Երկրորդ անգամ կրկին փոխհատուցի եւ խիստ նկատողության արժանանա: Երրորդ ապօրինությունը թույլ տալու դեպքում պաշտոնյան պետք է զրկվի աշխատանքից: «Պետական բյուջեն ոչ մեկի անձնական քսակը չէ»:
Դեպքերի մեծամասնությամբ դատական կարգով վերականգնված աշխատակցին աշխատանքային հանրույթներում նայում են որպես սպիտակ ագռավի: Գյումրիում բազմաթիվ են դեպքերը, երբ վերականգնված աշխատակիցը դիմում գրում, հեռանում է աշխատավայրից: Խնդրի լուծման համար Համբարյանն առաջարկում է աշխատավայրերում իրավաբանական կրթությամբ, աշխատանքային օրենսգրքին լիակատար տիրապետող օմբուդսմեն ունենալ, որն աշխատակցին կպաշտպանի «Հռոմի պապից կաթոլիկ» ղեկավարին հաճոյացող գործընկերներից:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։