Վերջին օրերին հաճախ եմ կարդում, թե ինչպես են մեր ամենաբարձրաստիճան պաշտոնյաները այս կամ այն օտարերկրացի հյուրին հանդիպելիս հատկապես շեշտում մեր տարածքների դեօկուպացիան: Բան չասի, դա կարեւոր է: Բայց ի՞նչ կարող են անել մյուսները:
Դիցուք, ի՞նչ կարող է անել Բայդենը՝ ամենահզոր երկրի ղեկավարը: Անելը, իհարկե, կարող է անել: Բայց չի անում: Դա նորմալ է: Ի՞նչ կարող է անել Մակրոնը: Կամ Պուտինը: Կամ Հնդկաստանի արտգործնախարարը: Բոլոր այս հզորները հիշում են, չէ՞, 30 տարի Հայաստանը օկուպացված էր պահում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված հողերը: Այդ ընթացքում նրանք նույնպես մատը մատին չխփեցին: ՄԱԿ-ում 4 ռեզոլուցիա էին ընդունել 25 տարի առաջ, բայց դրանք ոչինչ չէին փոխել: Ուղղակի Ադրբեջանին իրավունք էին տվել հարմար պահի ուժի ճանապարհով հետ բերելու իրենց հողերը: Ինչը եւ Ադրբեջանն արեց:
Հիմա մեր հերթն է: Ո՞ւր է մեր ռեզոլուցիան: Միջազգային իրավունքը օրինական ուժի իրավունքն է: Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը Ադրբեջանի օրինական ուժի իրավունքն էր, որը նրանք իրացրին առաջին պատերազմում կրած պարտությունից 26 տարի հետո: Հայաստանը գիտի, որ ինքն էլ է այդպես վարվելու: Ադրբեջանն էլ դա գիտի: Ահա ինչու շտապում են կնքել խաղաղության պայմանագիրը, որպեսզի Հայաստանին կարողանան ուժեղի դիրքերից իրենց սահմանները պարտադրել, որը ոչ մի պատերազմ թույլ չի տա փոխել:
Ըստ էության, Հայաստանը ժամանակ ձգելու միայն մի մոտիվացիա ունի՝ պատրաստվել պատերազմի հանուն սեփական հողերի: Իսկ Ադրբեջանը դա գիտի: Նա խփելու է այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի կնքվել:
Բայց արդյո՞ք Հայաստանը տարբերակ ունի վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը մինչեւ խաղաղության պայմանագիրը: Կդժվարանամ ասել, սակայն վստահ եմ, որ միջազգային ոչ մի կառույց մեր փոխարեն դա չի անելու:
Հայաստանը դա անելու է միայնակ կամ ընդհանրապես չի անելու: Հայաստանը մի բան կարող է անել՝ չկորցնել իր հողերը օրինական ուժի իրավունքով հետ բերելու հնարավորությունը ամենամոտ ժամանակում: Իսկ դա նշանակում է, որ ավելի լավ է խաղաղության պայմանագիրը կնքել այն ժամանակ, երբ էսկալացիան կողմերից ոչ մեկին ոչինչ չի տա:
Այսօր էսկալացիան դեռ կարող է շատ բան տալ Ադրբեջանին: Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ: Իսկ ինչպե՞ս, եթե Ռուսաստանը վճարումից հետո էլ մեզ չի տալիս մեր գնածը: Դա չգիտեմ: Դրա համար պարգեւավճարներով աշխատավարձը ես չեմ ստանում:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: