Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ Եվրոպական միության խորհրդի նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած հանդիպման հայտարարությունը.
ՀՀ Կառավարությունից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում արձանագրվել է.
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, եւ որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի կունենա Բրյուսելում մինչեւ հոկտեմբերի վերջը:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:
Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը եւ իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քառակողմ հանդիպումից հետո Թվիթերում լուսանկար է հրապարակել՝ նշելով՝ «Հանուն Կովկասում տեւական խաղաղության»:
Քառակողմ հանդիպումներից հետո Էմանուել Մակրոնը Ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ այս երեկո Հայաստանը եւ Ադրբեջանը հաստատում են իրենց նվիրվածությունը ՄԱԿ-ի Խարտիային եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը:
«Հայաստանը համաձայն է նպաստել Եվրամիության քաղաքացիական առաքելության իրականացմանը Ադրբեջանի հետ սահմանին, որը համաձայն է համագործակցել», — գրել է Ֆրանսիայի նախագահը:
Էմանուել Մակրոնը համոզմունք է հայտնել, որ այդ առաքելության նպատակն է վստահություն հաստատել եւ նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին:
Ըստ Ադրբեջանի նախագահականի ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ Փաշինյան-Ալիեւ-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ հաջորդ ամիս Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիեւ-Միշել եռակողմ հանդիպման օրակարգը։ Պրահայի հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օգոստոսին, սակայն դրանից երկու շաբաթ անց Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա՝ ըստ փորձագետների, լուրջ հարված հասցնելով նաեւ Եվրամիության միջնորդական ջանքերին։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ավելի վաղ նշել էր, որ Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են կարեւոր հարցեր:
Ալիեւը հավելել էր, որ այս ուղղությամբ գնահատում է Շառլ Միշելի աշխատանքը։ «Ինչպես հայտնի է, Բրյուսելում մի քանի անգամ անցկացվել են եռակողմ հանդիպումներ, եւ ամեն անգամ մենք ավելի ենք մոտենում խաղաղությանը»,- շեշտել է Ալիեւը: Նա նշել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարները եւս մեկ անգամ պետք է հանդիպեն առաջիկայում:
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումները Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվեցին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:
Սա Փաշինյանի եւ Ալիեւի առաջին հանդիպումն էր շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետեւանքով Ադրբեջանը բռնակցել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում եւ Սյունիքում։
Պրահա ժամանելուց առաջ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, թե անվտանգային իրավիճակը Հայաստանի շուրջը մնում է կայուն, լարված, միաժամանակ պնդել, թե լարվածության թուլացման որոշ միտումներ է տեսնում Վաշինգտոնի միջնորդությամբ Ադրբեջանի հետ անցկացված բանակցություններից հետո։