Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը ներկայում մասնակցում է ԱՄՆ-ի առաջնությանը: Հայ շախմատիստը, որն այս տարի փոխել է շախմատային անձնագիրը, ընդգրկված է 14 մասնակիցների թվում: Արդեն անցկացվել են առաջին երկու տուրերի պարտիաները:
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Լինդերմանի եւ կուբացի Լեյնիեր Դոմինգեսի հետ: Նա վաստակած մեկ միավորով բաժանում է 3-12-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հանս Նիմանն ու Սամուել Սեւյանը, որոնք ունեն 1,5-ական միավոր:
Հոկտեմբերի 7-ին նախատեսված 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը կհանդիպի ամերիկահայ շախմատիստի հետ: Հանս Նիմանը, որին աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը կասկածում է անազնիվ խաղի համար, կմրցի Սեմ Շենքլանդի հետ:
ԱՄՆ շախմատի տղամարդկանց առաջնության մրցանակային հիմնադրամը 262 հազար դոլար է: Հաղթողը կստանա 60 հազար, իսկ 14-րդ տեղը` 5500 դոլար պարգեւավճար: