Լոռու մարզում կարտոֆիլի բերքահավաքի վերջին օրերն են։
Ստեփանավանի տարածաշրջանում դաշտային աշխատանքներին հետեւել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը։
Պաշտոնյան նշել է, որ Լոռու մարզում կարտոֆիլի միջին բերքատվությունն այս տարի 1 հեկտարից շուրջ 25 տոննա է եղել։ Մինչդեռ նախորդ տարի մարզում բերքատվության ցուցանիշն ավելի բարձր է եղել։
«Ավելի լավ բերք ունենալու համար առաջնային է մկնանման կրծողների դեմ պայքարը, ինչը, սակայն, պետք է ունենա համակարգված բնույթ՝ լիարժեք արդյունք ունենալու համար: Նաեւ կարեւոր է ոռոգման ցանցերի արդիականացումը մարզի բոլոր տարածաշրջաններում. այս ուղղությամբ ամեն տարի տարաբնույթ ծրագրեր են իրականացվում թե՛ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, թե՛ պետական ու միջազգային կառույցների աջակցությամբ»,- ասել է վարչության պետը:
Նախորդ տարվա համեմատ կարտոֆիլի բերքը թեեւ նվազել, բայց մարզի մշակվող հողատարածքներն են 500 հեկտարով ավելացել։ Կարտոֆիլի ցանքս կատարվել է 3480 հեկտար հատվածում։