ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը ելույթ է ունեցել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի եւ բանակցային գործընթացի կապակցությամբ:
Քարփենթերը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել՝ օգնելով Հայաստանին եւ Ադրբեջանին աշխատելու համապարփակ խաղաղության պայմանագրի ուղղությամբ:
Պետքարտուղարը խրախուսել է վստահության ձեւավորումն ու հետագա առաջընթացը բանակցություններում
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի եւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով։
Դեսպանը կարեւորել է հոկտեմբերի 4-ին պետքարտուղար Բլինքենի եռակողմ զրույցը Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում պետքարտուղարը խրախուսել է վստահության ձեւավորումն ու հետագա առաջընթացը նրանց բանակցություններում։ Մայքլ Քարփենթերը նշել է, որ պետքարտուղար Բլինքենը նաեւ իր երախտագիտությունն է հայտնել կայուն խաղաղության համաձայնության հասնելու ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերին, ինչպես նաեւ Ադրբեջանից Հայաստան 17 ռազմագերիների վերադարձին։
Դաժանություն կիրառած ցանկացած անձ պետք է պատասխանատվության ենթարկվի
«Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին եւ Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջը լուծելու չլուծված խնդիրները։ Առանց հաշտեցման չի լինի տեւական խաղաղություն, եւ դիվանագիտությունն այդ նպատակին հասնելու միակ ճանապարհն է։ Անցյալ շաբաթ սոցիալական ցանցերի ալիքներում հայտնված սարսափելի տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը գնդակահարում անզեն հայ գերիներին, պետք է ամբողջությամբ եւ անաչառ հետաքննվի»,- շեշտել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը:
Քարփենթերն ընդգծել է, որ ձերբակալվածների նկատմամբ ցանկացած դաժանություն կիրառած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգներն ի գիտություն է ընդունում Ադրբեջանի գլխավոր դատախազի սկսած հետաքննությունը։ Դեսպանը կողմերին հորդորել է կատարել իրենց պարտավորությունները՝ արագ վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ նման գերիների հետ վարվել իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան։
Սահմանային վեճերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով
Մայքլ Քարփենթերը նշել է, որ սեպտեմբերի 13-ին եւ 14-ին, այնուհետեւ սեպտեմբերի 28-ին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները լուրջ մտահոգել են Միացյալ Նահանգներին։ ԱՄՆ-ը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում խստորեն հետեւելու հրադադարի կայուն ռեժիմին, իրենց զինված ուժերը հետ քաշել եւ պահել որոշակի հեռավորության վրա, շարունակել բանակցությունները սահմանազատման շուրջ՝ հաջակցություն խաղաղ կարգավորման:
«Կրկնում ենք մեր կոչն Ադրբեջանին՝ զինված ուժերը վերադարձնել ելման դիրքեր՝ մինչեւ սեպտեմբերի 12-ի գիշերը մարտական գործողությունների սկսվելը։ Սահմանային վեճերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, այլ ոչ թե բռնության։ Անցած շաբաթ հայ զինվորների եւ ցամաքային ականներից՝ Ադրբեջանի խաղաղ բնակիչների մահը պարզ եւ միաժամանակ ողբերգական կերպով ցույց է տալիս այդ հակամարտության մարդկային հետեւանքները»,- նշված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունում:
Միացյալ Նահանգներն աջակցում է համապարփակ խաղաղ գործընթացին
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը շեշտել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է վստահության ամրապնդման եւ հակամարտությունների կանխարգելման հարցում ԵԱՀԿ-ի միջոցների ակտիվացմանը, ներառյալ Հայաստանի խնդրանքով փաստահավաք առաքելության ստեղծումը: Դեսպանը ԱՄՆ կառավարության անունից Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել հրատապ քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու, վստահության ամրապնդման եւ միջազգային պարտավորությունները կատարելու ուղղությամբ:
«Խրախուսում ենք հետագա առաջընթացը անհայտ կորածների խնդրի լուծման եւ մնացած բոլոր ռազմագերիների վերադարձի հարցում։ Միացյալ Նահանգներն աջակցում է համապարփակ խաղաղ գործընթացին եւ հանձնառու է աշխատել երկկողմանի՝ Եվրամիության նման գործընկերների հետ եւ միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵԱՀԿ-ն է»,- ասված է դեսպան Քարփենթերի հայտարարությունում: