Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստան-Հայաստան սահմանին բացվել է «Նինոծմինդա» արդիականացված ավտոմոբիլային մաքսային անցակետը։
Մաքսակետի պաշտոնական բացման արարողությանը ելույթ են ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար, եկամուտների ծառայության ղեկավար Լաշա Խուցիշվիլին, մաքսային վարչության պետ Լեւան Կակավան, ՀՀ եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Բադասյանը կարեւորել է հայ-վրացական սահմանին գործող մաքսային անցակետերի արդիականացմանն ուղղված քայլերը՝ որպես երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության շղթայի բարելավման ու դյուրացման, ինչպես նաեւ տարանցիկ կարողությունների զարգացման կարեւոր գրավական, մասնավորապես, Հայաստանը Սեւ ծովին կապող ճանապարհին։
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին իր ելույթում ընդգծել է նոր մաքսային ենթակառուցվածքի կարեւորությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ։
«Նինոծմինդա» մաքսային անցակետում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների, ուղեւորատար եւ թեթեւ մեքենաների համար կառուցվել է 11 ելք՝ հագեցած ժամանակակից կառավարման համակարգերով։ Անցակետում աշխատելու է մոտ 70 մաքսավոր։
Բացմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, դիվանագիտական կորպուսի եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։