Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անդրադարձել է Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում շոշափված հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային։ Ալիեւը շեշտել է, որ առաջընթաց չկա, եւ հույս է հայտնել, որ այդ թեման առավել մանրամասն կքննարկվի նոյեմբերին՝ Շառլ Միշելի միջնորդությամբ կայանալիք եռակողմ հանդիպման շրջանակում:
«Ես նորից դիմեցի Հայաստանի վարչապետին, որպեսզի ի վերջո մեզ ավտոմոբիլային ճանապարհի երթուղին տրամադրի: Կրկին պատասխան չստացա: Անհասկանալի է, որ մեզ չեն ցանկանում ինքնակամ տրամադրել ճանապարհ դեպի Նախիջեւան: Սա ստանձնած պարտավորությունների աղաղակող խախտում է: Բայց մենք դեռ համբերություն ենք դրսեւորում: Վստահ եմ՝ վաղ թե ուշ դրան կհասնենք, ցանկալի է՝ հնարավորինս շուտ:
Հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը հակադարձել է Հայաստանի վարչապետը՝ նշելով, որ գործընթացը խոչընդոտում է հենց ադրբեջանական կողմը:
«Պրահայում ես եւս մեկ անգամ հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները։ Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել. կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները՝ մեր ինքնիշխանության եւ օրենսդրության լիարժեք հարգանքի հիման վրա»,-շեշտել է Փաշինյանը: