ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է, որ սառը պատերազմից հետո առաջին անգամ աշխարհին սպառնում է միջուկային զենքի կիրառման վտանգը։ Բայդենը նշել է, որ այդ սպառնալիքն առաջին դեպքն է Կարիբյան ճգնաժամից հետո։ Բայդենը պարզաբանել է, որ դա հնարավոր է, եթե իրավիճակն իսկապես շարունակի զարգանալ ներկա ճանապարհով։
Սպիտակ տան առաջնորդն ասել է, որ ինքը բավականին լավ է ճանաչում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եւ նա չի կատակում, երբ խոսում է մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բայդենին մեղադրել էր միջուկային զենքի մասին Պուտինի խոսքը խեղաթյուրելու համար։ Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթը սկսել է ՌԴ նախագահի կեղծ մեջբերումներով։ Զախարովան ասել է, որ Պուտինը չի հայտարարել այն, ինչով իր ելույթը սկսել է Բայդենն ու ինչը փորձել է վերագրել Ռուսաստանի նախագահին։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նշել էր, որ Արեւմուտքը սպառել է ՌԴ-ին վարկաբեկելու իր միջոցները։ Նա հավելել է, որ ՌԴ-ն երբեւէ որեւէ մեկին միջուկային զենքով սպառնալու ծրագրեր չի ունեցել, եւ այն դիտարկվում է միայն ագրեսիայի զսպման եւ պաշտպանության միջոց:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկի Ռուսաստանի դեմ, այլ ոչ թե սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին: Զելենսկու կոչը ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որակել է համաշխարհային պատերազմի կոչ։