ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեայի Առաջին կոմիտեի ընդհանուր քննարկումների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները անմիջական սպառնալիք են Հարավային Կովկասի համար, քանի որ խաթարում են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:
Ագրեսիայի զոհ է դարձել ՀՀ ավելի քան 200 քաղաքացի, իրենց տները լքել են մոտ 8 հազար մարդ
Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ձեռնարկած վերջին հարձակման հետեւանքները։ Ըստ նրա՝ այդ ագրեսիայի զոհ է դարձել Հայաստանի ավելի քան 200 քաղաքացի, ներառյալ խաղաղ բնակիչներ։ Իրենց տները լքել են մոտ 8 հազար մարդ, հիմնականում կանայք, երեխաներ եւ տարեցներ։ Ադրբեջանը գնդակոծել է բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Ադրբեջանցի զինվորականների հանցագործությունների ապացույցներն անհերքելի են
Դիվանագետը շեշտել է, որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, գերի է վերցրել, խոշտանգել ու սպանել հայ զինծառայողներին, նրանց թվում՝ կանանց։ Սպանվածների մարմինները պղծվել են եւ անարգվել։ Բացի դրանից՝ սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում ակտիվորեն տարածվում են անզեն հայ գերիների նկատմամբ դաժան հաշվեհարդարի դրվագները։ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ ադրբեջանցի զինվորականների հանցագործությունների ապացույցներն անհերքելի են:
Նա նաեւ հիշեցրել է, որ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերը կրկին սադրանք են կազմակերպել՝ կրակ բացելով ականանետներից եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Սադրանքի զոհ է դարձել երեք հայ զինծառայող։ Ադրբեջանցի զինվորականները շարունակում են կենտրոնանալ եւ ամրապնդվել սահմանգծի երկայնքով՝ Հայաստանի տարածքում ապագայում լարվածության սրման նոր սպառնալիք ստեղծելով։
Միջազգային կառույցները պետք է դատապարտեն ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ոտնձգությունները
ՀՀ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Երեւանը ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրել է Բաքվի ագրեսիայի վերջին գործողություններին եւ շարունակելու է խնդիրը բարձրաձայնել կազմակերպության տարբեր կառույցներում: Այդ կառույցները պետք է կատարեն իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները, վճռականորեն դատապարտեն հանցավոր ագրեսիան եւ Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ոտնձգությունները։