ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի՝ Դաշքեսանի եւ Թովուզի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում՝ այս անգամ էլ պնդելով, թե իբր հոկտեմբերի 10-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան եւ արեւելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։