Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում գերմանացի լուսանկարիչ Ռալֆ Բեքերի «Կանանց աշխարհը» խորագրով լուսանկարների եզրափակիչ ցուցադրությունն էր: Բեքերի բացահայտած «Կանանց աշխարհը» հանդիսատեսին ներկայացվել էր նաեւ գարնանը «Գալերի 25» ցուցասրահում:
Տարիներ առաջ՝ Հայաստան գալուն պես, Բեքերի ուշադրությունը գրավել էին գյումրեցի աշխատող կանայք: Որ կանայք այսքան ներգրավված լինեն հասարակական բոլոր տեսակի աշխատանքներում, խիստ զարմացրել էր գերմանացի արվեստագետին: Երեւույթը դարձել էր ստեղծագործելու աղբյուր: Լուսանկարչի աչքն աշխատանքի պահին որսացել էր տարբեր մասնագիտության գյումրեցի կանանց:
Եփող, թխող, կարող, լվացող, քանդակող, նվագող, գրող, բուժող կանայք այս անգամ ոչ միայն նկարներից էին ժպտում հանդիսատեսին, այլեւ անձամբ էին ներկա ցուցադրությանը: Նախատեսված էր նաեւ «լուսանկարների վերադարձ տերերին». յուրաքանչյուր հերոսուհուն նվիրվեց իր իսկ լուսանկարը:
Կարինե Զոհրաբյանը մեկ տարի է, ինչ աշխատում է կարի արտադրամասում: Հիշում է, ինչպես իրարից չտարբերվող աշխատանքային օրերից մեկը հաճելիորեն տարբերվեց: Օտարալեզու մի լուսանկարիչ նկարում էր բոլորին ու ակնածանքով գնահատում իրենց համար սովորական թվացող աշխատանքը: «Շատ հաճելի էր, այդ օրվանից ավելի գնահատված ու արժեւորված զգացինք մեզ, ավելի սիրեցինք մեր աշխատանքը»:
Քրիստինե Սարոյանը նույնպես բեքերյան կերպար է: Զուգագուլպաների արտադրամասում է աշխատում: «Բոլորիս նկարեց, բայց տեսնում եմ, որ ոչ բոլորն են ընդգրկված ցուցահանդեսում: Անչափ ուրախ եմ, որ հարյուրավոր կերպարներից լուսանկարիչն իմ նկարի մեջ առանձնահատկություն է տեսել»,- անթաքույց ուրախությամբ ասում է Քրիստինեն:
Ջութակահարուհի, արվեստաբան Աննա Քոչարյանը եւս «Կանանց աշխարհ»-ից է: «Գալերի 25» պատկերասրահում նվագելիս հայտնվել է Բեքերի օբյեկտիվում: Աննան ուրախ է, որ արարող կանանց շարքերում է. «Ես արվեստն եմ ներկայացնում: Իմ կողքին բազմաթիվ կանայք շոշափելի բարիք են ստեղծում, իսկ ես՝ հոգեւոր արժեք»:
Նշենք, որ Բեքերը հեռավար էր մասնակցում ցուցահանդեսին: Նա անուն առ անուն հիշեց ու շփվեց իր հերոսուհիների հետ:
Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրեն Կարեն Բարսեղյանը ցուցադրությունը հենց քույրերի պատկերասրահում կազմակերպելը ոչ միայն կարեւոր, այլեւ անհրաժեշտ է համարում: Ասում է՝ «Կանանց աշխարհ»-ը քույրերի աշխարհում ճիշտ է համադրվում: «Մեկ հարթակում տարբեր խավերի կանանց աշխատանքի գնահատումը Ռալֆ Բեքերի մոտ հրաշալի է ստացվել»:
Ցուցահանդեսի կազմակերպչական խմբի անդամ, արվեստագետ Հրաչյա Վարդանյանը լիահույս է, որ Ռալֆ Բեքերի հաջորդ այցելությունը Գյումրի կրկին մեծ նախաձեռնության սկիզբ կդառնա: Հրաչյան ասում է՝ Գյումրիում արդեն հիմնադրել են արվեստագետների նոր հարթակ՝ «Գալիք» արվեստի կենտրոն անունով, որի ստեղծման գործում ներդրում է ունեցել նաեւ Բեքերը: Նորաստեղծ կենտրոնն արդեն հասցրել է բազմաթիվ ցուցահանդեսներ կազմակերպել: ««Գալիք»-ը մեծ քայլերով զարգացման ուղի է բռնել,- ասում է արվեստագետը:
Կազմակերպչական խումբը խոստանում է, որ ««Գալիք»-ի ասելիքը լսելի կլինի բոլոր խավերի համար: Աշխարհաքաղաքական ու ներանձնային խնդիրների համատեքստում նախաձեռնությունը ցուցադրություններ կազմակերպելուց բացի նաեւ խիստ արդիական հարց է վերհանելու. ինչպես է մարդը տեսնում իր եւ շրջապատող աշխարհի վաղվա օրը՝ գալիքը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։