Մինչ Նոր Ազնաբերդ գյուղի դիրքերի ուղղությամբ կրակոցներ են լսվում, բնակիչներն օղի են թորում: Վայոց ձորի սահմանապահ այս գյուղում կրակոցների ձայնին սովոր են. ապրում են, ասես ոչինչ էլ չի եղել: Գյուղում հանգիստ է, Նոր Ազնաբերդ բնակավայրի վրա չեն կրակել, բայց Նախիջեւանի սահմանից ընդամենը 500 մետր հեռավորության վրա են, եւ դիրքերից եկող ձայները լավ են լսվում:
Մոտ 30 տարի առաջ՝ Արցախյան շարժումը սկսվելուց հետո է Նոր Ազնաբերդը բնակեցվել Նախիջեւանի Ազնաբերդից տեղափոխված հայերով: Գյուղի միջին տարիքի բնակիչները լավ են հիշում հայ-ադրբեջանական նախկին շփումները:
Բնակավայրի վարչական ղեկավար Եղիշ Հովհաննիսյանն էլ դպրոցահասակ է եղել, հիշում է՝ ինչպես էին ադրբեջանցի հասակակիցների հետ նույն ճամբարը հաճախում, խաղում, սովորում: Համայնքները հարեւանություն են արել, մի տեղում աշխատել, նույն հոգսով ու խնդրով ապրել: Հիմա այդպիսի շփումը բացառում են:
Նոր Ազնաբերդում հարեւանություն անելը լավ է ստացվում: Ընդամենը 30 տնտեսություն ունեցող գյուղում ապրում են մի տան պես: Օղու օջախը Արթուր Իվանյանի բակում են վառել: Տարբեր պտուղներից են թորում, հերթը ծիրանինն է:
Պատրաստման գաղտնիքներն էլ չեն խուսափում ասելուց՝ 150 կգ մրգից 20 լիտր օղի է ստացվում: Վաճառքի գնի մասին միամիտ հարցս բնակիչները ներողամտորեն են ընդունում՝ բա մաքուր, տնական օղին կվաճառեն, արհեստակա՞նը կառնեն, այն էլ երբ գյուղում խանութ չկա:
Փոխարենը միրգն են վաճառում, եթե այգուց կարողանում են հանել: Գորշ արջերը գյուղում շրջում են, բնակիչներին էլ բերքահավաքի ժամանակ «օգնում»: Պարսեղ Սիմոնյանի ծիրանի այգին այս տարի մոտ 20 տոննա բերք պիտի տար, բայց չեն հասցրել հավաքել: Արջերն այնպես են կոտրել ծառերը, որ Պարսեղը հասցրել է միայն կոտրված ճյուղերը տուն բերել:
«Մեզնից մաքուր են հավաքում: Սաշիկը լավ էր, 50/50 էր «փայ մտնում», արջը 90/10 տոկոսով է բերքը տանում: Բողոքում ենք, ասում են՝ գորշ արջը Կարմիր գրքում է գրանցված, ես էլ հարցնում եմ՝ իմ հաշվի՞ն եք պահում Կարմիր գրքի արջերին, չեն պատասխանում»,- ժպիտով պատմում է նորազնաբերդցին:
Գյուղում հիմնականում այգեգործությամբ են զբաղվում: Եթե բերքը լավ է լինում, վաճառքի խնդիր չի լինում, գալիս, գյուղից գնում են: Բայց բերքի երաշխիքներ չկան. մի տարի ցուրտն է «տանում», մի տարի՝ արջերը, մի տարի էլ կարկուտն է խփում: Անասնապահությունն էլ առաջվա պես շահավետ չէ. խոտի գինը բարձրացել է: Եթե մի ժամանակ մեկ կապը 500 դրամով էին գնում, հիմա 2000 դրամ է: Շատերը ստիպված վաճառում են անասունը. տանջանքը շատ է, օգուտը՝ քիչ:
Բնակիչներն ասում են՝ այս խնդիրները կլուծվեն, եթե աշխատատեղեր բացվեն: Գյուղի միակ գործատուն վարչական կենտրոնն է՝ 3-4 աշխատողով: Երիտասարդներն աշխատանք չունենալու պատճառով ստիպված տեղափոխվում են: Պարսեղ Սիմոնյանն ու կինը երկուսով են ապրում, երեխաները մայրաքաղաք են գնացել: «Բանակից եկան, ո՛չ գործ կար, ո՛չ անելիք, ստիպված գնացին: Որ աշխատատեղ լինի, բոլորն էլ կմնան, ինչի՞ պիտի գնան»:
Գյուղում մնացած տղամարդկանցից շատերը պայմանագրային զինծառայողներ են: Կանայք վարձատրվող աշխատանք չունեն: Ասում են՝ կարելի է, օրինակ, կարի արհեստանոց բացել, զինվորական պարագաներ կարել. ե՛ւ իրենք աշխատանք կունենան, ե՛ւ արտադրանքը սահմանին կհասնի:
Քրիստինե Ստեփանյանի ընտանիքը երկու տարի առաջ է ՌԴ-ից Հայաստան տեղափոխվել: Ասում է՝ գյուղում ամեն ինչ լավ է՝ բնությունից մինչեւ հարեւանություն: Եթե զբաղմունք լինի, երեխաներն էլ դպրոցից հետո սպորտի, արվեստի խմբակների հաճախելու հնարավորություն ունենան, առօրյան հետաքրքրանա, գուցե շատերը որոշեն մնալ գյուղում:
Նոր Ազնաբերդում դպրոց չկա: Գյուղի դպրոցահասակ 18 երեխաները հարեւան Խնձորուտի դպրոց են հաճախում: Համայնքապետարանի տրամադրած տրանսպորտային միջոցն է տանում-բերում: Տասնամյա Ալեն Ավագյանն էլ նորազնաբերդցի երկու դասընկերների հետ ամեն առավոտ Խնձորուտ է գնում: Ապագա ֆուտբոլիստ Ալենը խոստանում է գրավել աշխարհի դարպասները, բայց վերջում անպայման Նոր Ազնաբերդ վերադառնալ:
Հրաժեշտ տալիս գյուղացիները մի անգամ էլ են հաստատում՝ իրենց միակ ցանկությունն անվտանգությունն է, այլ դժգոհություն չունեն: «Մենք ստեղծող ժողովուրդ ենք, քարից էլ ենք հաց քամում: Որ խաղաղություն լինի, կաշխատենք, կապրենք, մեզ ուրիշ բան պետք չէ»,- ասում է Պարսեղը:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: