Հոկտեմբերի 8-ի երեկոյան Ստեփանակերտում «քաղաքացիների ինքնաբուխ» հավաք էր, ինչպես ներկայացրին լրատվամիջոցները։ Իրականում միջոցառման մասին երկու օր առաջ հայտարարել էր «Հանուն Արցախի պաշտպանության» շարժումը։ Ըստ երեւույթին, կազմակերպիչները հույս ունեին հավաքելու պատկառելի «լսարան» եւ ներկայացնելու «ճանապարհային քարտեզ», բայց հրապարակի սակավամարդության պատճառով «Արցախի պաշտպանության» ծրագրի հրապարակումը հերթական անգամ հետաձգվեց։
Հընթացս «խմբագրվել է» միջոցառման սցենարը, ելույթ ունեցողները կենտրոնացել են Պրահայում Իլհամ Ալիեւի այն հայտարարության վրա, որ «Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ ով չի ընդունի, իր համար կարող է բնակության այլ վայր ընտրել»։ Այստեղ, կարծում եմ, կազմակերպիչները թույլ են տվել շատ կոպիտ սխալ․ եթե Ստեփանակերտում Ալիեւի ռասիստական հայտարարության դեմ բողոքի է դուրս գալիս «մի քանի հարյուր մարդ», ինչպես հաշվել էր լրատվամիջոցներից մեկը, ապա արտաքին աշխարհի ընկալումը պարզելը մեծ երեւակայություն եւ ջանք չի պահանջի։
Իսկ որ Արցախում քաղաքական բնույթի ցանկացած միջոցառման աշխարհում, առաջին հերթին՝ Ադրբեջանում, հետեւում են «մանրադիտակով», կասկածել պետք չէ։ (Haqqin.az-ն, ի դեպ, վերջերս տարակուսանք էր հայտնել, թե ինչու սեպտեմբերի 14-ին, երբ հազարավոր ցուցարարներ Երեւանի կենտրոնում էին, Ստեփանակերտի «փողոցները դատարկ էին»)։ Վաղը-մյուս օրը, համոզված եմ, ադրբեջանական մամուլը հոկտեմբերի 8-ի ստեփանակերտյան «ինքնաբուխ» հավաքից աշխարհով մեկ լուսանկարներ եւ տեսանյութեր է տարածելու եւ մեկնաբանելու է, թե «Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու դեմ բողոքավորների թիվը մի քանի հարյուրից չի անցնում»։
Ինչի՞ հետ գործ ունենք։ «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման նախաձեռնողներից մեկը նախօրեին հայտարարել էր, որ իշխանությանը պահանջ ունեն, եւ հստակ նշել, որ Ռուբեն Վարդանյանին չեն տեսնում պետնախարարի պաշտոնում, իսկ եթե դա անգամ անհրաժեշտություն է, ապա նշանակումը չպետք է Արայիկ Հարությունյանն անի։ Ակնհայտ ներքաղաքական պահանջով կազմակերպված միջոցառումն ինչո՞ւ է հընթացս փոխակերպվել Իլհամ Ալիեւի ռասիզմի դեմ բողոքի սակավամարդ ակցիայի։
Կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե Վերածննդի հրապարակում հավաքվեր մի քանի հազար մարդ, ապա կազմակերպիչները նախ խոսափողը չէին զիջի շարքային քաղաքացիներին, ապա եւ կառաջադրեին իրենց հիմնական պահանջը։ Ըստ երեւույթին՝ այո։ Եվ այս նկատառմամբ նոր հարց է ծնվում՝ «Ո՞ւմ չէ ձեռնտու, որ Ռուբեն Վարդանյանը նշանակվի պետնախարար եւ ունենա որոշումներ ընդունելու լայն լիազորություններ», ինչպես ձեւակերպել է Արցախի նախագահը։
Սեպտեմբերի վերջերին, երբ հայտնի դարձավ, որ Արցախի նոր սահմանադրության նախագիծը դրվում է հանրային քննարկման, ԱԺ «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչը մամուլին ասաց, որ դեմ են «պատահական մեկին նախագահ ընտրելուն»։ Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու դեմ «ինքնաբուխ» հավաքի կազմակերպումը համադրելի՞ է նոր սահմանադրության նախագծին «Արդարություն» խմբակցության «դեմարշին»։ Ամենայն հավանականությամբ՝ այո։ Ստեփանակերտում ներքաղաքական մրցակցություն է, եւ դա այլեւս թաքցնելի չէ։
Հոկտեմբերի 5-ին էլ հանրային բավական բազմամարդ քննարկում էր կազմակերպել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Դատելով երեւանյան մի քանի լրատվամիջոցի հակաբաբայանական հրապարակումների գրեթե նույնականությունից՝ Արցախում քաղաքական համերաշխության գալու նրա կոչը մերժվել է։ Էլ ինչ փորձություններ են սպասվում՝ խոր վերլուծության թեմա է։ Արձանագրեմ միայն, որ դերակատարները, լինեն նրանք նախկին, ներկա կամ գալիք, պարտավոր են ներքաղաքական «խաղերը» չքողարկել արտաքին աշխարհին ուղղված անգրագետ հղումներով։ Ինչպես իրենց թույլ տվեցին «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման նախաձեռնողները հոկտեմբերի 8-ին։
Երբ ներքին «օրակարգը կուտ է գնում», պետք է ընդունել ձախողումը, ոչ թե փորձել ամեն գնով մնալ «հանրայնորեն պահանջված»։ Քաղաքական նման շահատակությունների հետեւանք է Արցախի այսօրվա վիճակը։ Եվ այն հաղթահարելու առաջին հնարավորությունը ներքին ինքնամաքրումն է։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։