ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն։
Պաշտպանը Ռոքֆոյին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի վրա հարձակման հետեւանքները՝ անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների կոպիտ ու շարունակվող խախտումներին։
Պաշտպանը ներկայացրել է հայ զինծառայողների, մասնավորապես կանանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած խոշտանգումների, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաեւ փոխանցել է Պաշտպանի աշխատակազմի՝ այս փաստերն ամրագրող ոչ հրապարակային զեկույցը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը կարեւորել է Պաշտպանի աշխատակազմի աշխատանքը եւ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել։