Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում հայտարարել է, որ հոկտեմբերի 11-ին Եվրամիության անդամ երկրների դեսպանները Բրյուսելում կքննարկեն ու որոշում կընդունեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանին՝ վստահությունն ամրապնդելու եւ սահմանազատմանը նպաստելու համար։
Կլաարը շեշտել է, որ առաքելություն ուղարկելու մասին որոշումը Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում պետք է ընդունեն անդամ երկրները։ Նա ընդգծել է, որ Եվրամիության խաղաղասիրական ջանքերն իրագործելու համար չափազանց կարեւոր է ԵՄ անդամ երկրների եւ Եվրախորհրդարանի լիակատար աջակցությունը: