Հոկտեմբերի 11-ին Չավուշօղլուն տարածաշրջանային խնդիրների շուրջ իր ելույթում անդրադարձել է նաեւ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, փոխանցում է Sabah պարբերականը։
Նա նշել է, որ պատերազմի ավարտից հետո տարածաշրջանում կայունությունը շատ կարեւոր է․ «Հայաստանը որոշակի տրավմաներ ունի․ ի վերջո 30 տարի իր գրաված տարածքներն ընկալել է որպես իր հողերը։ Պատերազմն արդեն ավարտվել է, բայց շատերը կան, որ խաղաղություն չեն ուզում։ Հայաստանը պետք է հասկանա, որ պետք է մնայուն խաղաղ կարգավորման գործընթացի մեջ մտնենք։ Բանակցություններն արդեն ավելի լավ են ընթանում, սրա վառ օրինակն են Բրյուսելի ու Պրահայի հանդիպումները։ Ի վերջո Հայաստանն ու Արդբեջանը պետք է հասնեն խաղաղության պայմանագրի կնքմանը»։
Չավուշօղլուն հատուկ շեշտել է, որ այս հարցում ամենակարեւոր հարցերից մեկն այն է, որ կողմերը հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Իսկ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ իրենք այդ հարցում անկեղծ են․ «Գիտենք, թե Հայաստանն ինչ խնդիրների է բախվում։ Սակայն շատ սխալ է Հայաստան-Թուրքիա կարգավորումն ընկալել Ադրբեջանից անկախ։ Մենք Ադրբեջանից լիովին անկախ չենք գործում։ 2009-ին որոշ հիասթափություններ եղան։ Մեր նախագահն ու Ալիեւը մշտապես կապի մեջ են։ Այս գործընթացը Ադրբեջանի դեմ չէ, սա նրանց համար նույնպես օգտակար կլինի»։