ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարը արդեն երկու օր Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի հրթիռակոծումը համարժեք է համարել ռազմական հանցագործություններին։ Գերագույն հանձնակատարի խոսնակ Ռավինա Շամդասանին հիշեցրել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ արգելվում է հարվածելը խաղաղ բնակչությանը եւ այնպիսի օբյեկտներին, որոնցից կախված է խաղաղ բնակչության գոյատեւումը։
Շամսադինը հավելել է, որ շոկային են եղել այն ժամանակը եւ վայրը, որտեղ եւ երբ հասցվել են հրթիռային հարվածները։ Դա այն ժամանակն էր, երբ մարդիկ գնում են աշխատանքի, երեխաները՝ դպրոց։
Հիշեցնենք, որ նախօրեին, ըստ ուկրաինական կողմի, ռուսական զինուժի հարվածների հետեւանքով զոհվել էր առնվազն տասնինը քաղաքացիական անձ, եւ եւս հարյուր անձ էլ վիրավորվել էր։
Հրթիռային հարվածների հետեւանքով վնասվել կամ ամբողջությամբ ավերվել են Ուկրաինայի ութ ռեգիոններում քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում նաեւ՝ բնակելի տներ, էներգետիկայի ոլորտի կենսական կարեւորության ենթակառուցվածքներ։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարը հորդորել է Ռուսաստանին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ռուս-ուկրաինական հակամարտության սրացման հանգեցնել, եւ ձեռնարկել քայլեր, որոնք կբացառեն քաղաքացիական նշանակության ենթակառուցվածքների թիրախավորումն ու խաղաղ բնակչության շրջանում մարդկային զոհերը։
Ռուսաստանն իր հերթին հասկացրել էր, որ ներկայում Ուկրաինայի ամբողջ տարածքում հրթիռակոծումը Ռուսաստանի պատասխանն է Ղրիմի կամրջի ահաբեկչությանը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը