Մինչ Թուրքիայի պաշտոնական լրատվամիջոցներն ավետում են տնտեսական նոր նվաճումները, ընդդիմադիր Diken պարբերականն ահազանգում է երկրում ահագնացող սղաճի իրական վտանգների մասին։ Ըստ պարբերականի՝ Էրդողանը, որ պնդում է, թե Թուրքիան օր օրի դեպի ավելի լավն է գնում, սղաճից ստեղծված թանկության մեջ խեղդվող քաղաքացիներին մատնացույց է անում Սեւ ծովի բնական գազի պաշարները: «Իսկ երբ տարեսկզբին սկսենք Սեւ ծովից արդյունահանել բնական գազ, դրա համից չենք հագենա»,- ասել է Թուրքիայի նախագահն իր վերջին ելույթներից մեկում։
Ու չնայած բարձրաստիճան պաշտոնյաների պնդումներին, թե էներգետիկ ճգնաժամը ոչ մի կերպ չի անդրադարձել Թուրքիայի տնտեսության վրա, պարբերականի ներկայացրած թվային տվյալներն այլ բան են հուշում։ Օրինակ, եթե 2021-ի դեկտեմբերին բնական գազի համար Թուրքիայի քաղաքացին վճարում էր 500 լիրա, ընդամենը ինն ամսվա ընթացքում թանկացումների հետեւանքով նույնքան գազի սպառման արժեքը կլինի 1325 լիրա։
Բնական գազի գինն այս տարի հունվարին աճել է 25%-ով, ապրիլի 1-ին՝ 35%-ով, հունիսի 1-ին՝ 30%-ով եւ հոկտեմբերի 1-ին 20%-ով, այսինքն՝ ընդհանուր առմամբ, մեկ տարվա մեջ թանկացումը եղել է շուրջ 165%:
«Թեեւ 2020-ի օգոստոսի 21-ին Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան հայտնաբերել է իր պատմության ընթացքում բնական գազի ամենախոշոր պաշարները, մասնագետներն, այնուամենայնիվ, կարծում են, որ այս բարի լուրը բարի է միայն որոշակի շրջանակի համար, ու մինչ օրս էլ այս առումով հիշատակման արժանի ոչ մի եկամուտ չի գրանցվել»,- հավելում է Diken-ի վերլուծաբանը։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը