Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի իր ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանը զգուշանում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները կարող են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ականատեսը դառնալ, ուստի խոչընդոտում է անկախ տեխնիկական առաքելության աշխատանքը։
Դեսպանը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը կշարունակի ջանքերը Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքների առաքելության ուղարկման ուղղությամբ։
ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է նաեւ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծած ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին։ Նա ընդգծել է այս ծանր ժամանակահատվածում կրթության շարունակականության ապահովման կարեւորությունը, որը պահանջում է ինչպես ազգային զգալի ռեսուրսների ներդրում, այնպես էլ միջազգային հանրության ներգրավվածություն։ Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի 172 դպրոցներում սովորող 24873 դպրոցական եւ 69 մանկապարտեզների 5808 նախադպրոցական տարիքի երեխաներ զրկվել են կրթության իրավունքից:
Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաեւ մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումների վրա, որոնք վկայում են ադրբեջանական հասարակությունում արմատացած հայատյացության ծայրահեղ բարձր մակարդակի մասին։