Եվրամիության Քաղաքական եւ անվտանգության հանձնաժողովի փակ նիստում ԵՄ դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու եւ սահմանազատմանը նպաստելու համար։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ այժմ արդեն քննարկվում են դրա իրականացման մանրամասները՝ քանիսն են լինելու, որ երկրներից եւ երբ են ժամանելու Հայաստան։
Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցած շաբաթ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների բանակցություններից հետո:
Ըստ քառակողմ հայտարարության՝ առաքելությունը աշխատանքը պետք է սկսի հոկտեմբերին եւ գործի երկու ամիս:
Դիվանագետները չեն բացառում, որ դիտորդների մի մասը Հայաստան կարող է գալ Վրաստանից, որտեղ Եվրամիությունն առաքելություն է տեղակայել 2008-ի սեպտեմբերից՝ ռուս- վրացական կարճատեւ պատերազմից հետո։