Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ հենց Հայաստանն է այսօր ենթարկվել հարձակման, նրա տարածք ներխուժել են, ոչնչացրել քաղաքացիական ենթակառուցվածքները:
Կլաարը Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի հանդիպմանն ընդգծել է, որ սեպտեմբերի 13-ին եւ 14-ին լուրջ բախումներ են տեղի ունեցել: 2020-ի հրադադարից ի վեր դա լարվածության ամենալուրջ սրացումն էր: Նա շեշտել է, որ այս զարգացումները գրավեցին միջազգային հանրության ուշադրությունը, որը ջանում է երաշխավորել, որ ռազմական գործողությունները չվերսկսվեն, կայունություն հաստատվի, եւ շարունակվեն քաղաքական բանակցությունները:
Կլաարը, անդրադառնալով համացանցում շրջանառվող պատերազմական հացագործությունների տեսանյութերին, կոչ է արել համապարփակ հետաքննություն անցկացնելու: Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները ամենայն լրջությամբ կուսումնասիրեն հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութերը:
Կողմերին կոչ անելով շարունակելու խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները՝ Կլաարն ընդգծել է, որ անհնար է անպատիժ մնացած հանցագործությունների վրա խաղաղություն հաստատել:
ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է Հայաստանին եւ Ադրբեջանին օգնի հաղթահարելու իրավիճակը եւ հասնելու արդար խաղաղության, որը երկու ժողովուրդները նույնպես արդար կհամարեն:
«ԵՄ-ն պետք է ներգրավված մնա, քանի որ, անկեղծ ասած, այժմ այնքան էլ շատ միջազգային դերակատարներ չկան, որոնք կարող են անել այն, ինչ կարող ենք մենք: Մենք նաեւ կարեւորում ենք Միացյալ Նահանգների հետ ջանքերի համակարգումը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին. Մոսկվայի հետ կապի որոշակի խողովակներ կան, սակայն Ուկրաինայում պատերազմը շատ է բարդացրել Ռուսաստանի հետ աշխատանքը»,- ըստ Առաջինի լրատվական ալիքի՝ ընդգծել է Կլաարը։
Հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Կլաարը շեշտել է, որ Նախիջեւանի եւ Ադրբեջանի մնացած հատվածի միջեւ ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցությունը կարող է հաստատվել միայն այն ժամանակ, երբ բոլորի համար հստակ լինի, որ այդ ճանապարհները Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս են: Նա ընդգծել է, որ այդ հարցը համաձայնեցվել է Բրյուսելում մայիսի 22-ին: