ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը Ռուսաստանի հետ հակամարտություն չի փնտրում։ «Մենք Ռուսաստանի հետ հակամարտության չենք ձգտում, եւ նախագահ Ջո Բայդենը դա շատ հստակ է նշել»,- ասել է Քիրբին։
Սպիտակ տան ներկայացուցիչը միաժամանակ հաստատել է, որ ամերիկյան վարչակազմը, ինչպես նախկինում, մտադիր չէ զինծառայողներ ուղարկել Ուկրաինա եւ այդ առումով Վաշինգտոնն իր դիրքորոշումն այս հարցում չի փոխել:
«Ոչ ոք չի ձգտում, որ այդ հակամարտությունը միջուկային հարթություն տեղափոխվի, եւ դրա համար պատճառներ չենք տեսնում»,- նշել է նա։
Քիրբին ընդգծել է, որ իրադարձությունների նման զարգացումը աղետ կդառնա բոլոր կողմերի համար, այդ թվում` հենց Ռուսաստանի: Միաժամանակ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը խոստովանել է` Վաշինգտոնում այս փուլում որեւէ նախանշան չեն տեսնում, որ ՌԴ-ն պատրաստվում է միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենք կիրառելու որեւէ տեղ:
Ավելի վաղ Ջոն Քիրբին ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ երկու կողմերը Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակից ելքը պետք է փնտրել դիվանագիտական ճանապարհով:
Նա հավելել էր, որ Միացյալ Նահանգները ռուսական կողմում լուրջ մտադրություններ չի տեսնում Կիեւի հետ բանակցություններ վարելու հարցով։