Միջազգային հարցերով Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնելու Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում։
Վելայաթին նշել է, որ Իրանին մոտ գտնվող տարբեր տարածաշրջանների թվում առանձնակի նշանակություն ունի Անդրկովկասը։ Ըստ նրա՝ Իրանի հարեւաններ Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ Թեհրանն ավելի շատ զգայունություն եւ ուշադրություն է ցուցաբերում։ Նա հավելել է, որ երկրների միջեւ խաղաղության հաստատման կարեւորագույն գործոններից մեկը համընդհանուր, բոլորին հայտնի պատմական սահմանների պահպանումն է։
«Որեւէ երկրի սահմանների խախտումը լարվածության աճ է առաջացնում տվյալ տարածաշրջանում եւ տեղային պատերազմներ հրահրում: Դրանց առաջին հետեւանքը սադրիչ երկրների ներկայությունն է, մասնավորապես՝ ԱՄՆ–ի եւ Իսրայելի, որոնք հրադադարի հաստատման պատրվակով օգտագործում են իրավիճակն իրենց օգտին»,– հավելել է Իրանի նախկին արտգործնախարարը։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել էր, որ առաջիկայում Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման ու խորացման ականատեսը կլինենք ՀՀ Կապան քաղաքում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսության բացման շնորհիվ: