Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) թուրքական պատվիրակությունը ներկայացրել է Թուրքիայի քաղաքացիների՝ Շենգեն վիզայի ստացման գործընթացում ունեցած խնդիրների ու դրանց հաղթահարմանն ուղղված լուծումների վերաբերյալ զեկույց։ Նախագիծը, որը կոչ էր անում Շենգենյան գոտու վիզայի տրամադրման համակարգում ռեֆորմ իրականացնելու, քվեների մեծամասնությամբ ընդունվել է ԵԽԽՎ Գլխավոր ասամբլեայի կողմից, հաղորդում է Habertürk պարբերականը։
ԵԽԽՎ թուրքական պատվիրակության ներկայացուցիչ Զիյա Ալթունյալդըզն իր թվիթերյան էջում այս մասին գրառում է կատարել՝ նշելով, որ իրենց նախագիծը ենթադրում է վիզաների տրամադրման ավելի թափանցիկ, արդար ու ընդգրկուն գործընթաց․ «Վստահ ենք, որ ռեֆորմի արդյունքում վիզայի տրամադրման գործընթացը շատ ավելի կբարելավվի»։
Ավելի վաղ Ալթունյալդըզը ԵԽԽՎ-ում ներկայացրել էր, թե որքան բարդ է Թուրքիայի քաղաքացիների համար Շենգեն վիզա ստանալու գործընթացը․ «Թուրքիայի քաղաքացուց պահանջում են մոտ 36 տարբեր փաստաթուղթ, այդ թվում՝ թե որ երկրներ են ճամփորդել նախորդ 10 տարիներին, երբ են ճամփորդել, անձնագրային տվյալներ, աշխատավայրից հարկային պարտավորությունների վերաբերյալ փաստաթուղթ, գրանցված աշխատանքի առկայությունը հաստատող փաստաթուղթ, մեքենայի սեփականության վկայական, բնակարանի սեփականության վկայական եւ այլն»։