Ըստ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի պայթյունի նախապատրաստմանը մասնակցելու համար քրեական գործի շրջանակում ձերբակալվել են ՌԴ 5, Ուկրաինայի 2 եւ Հայաստանի 1 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ բացահայտվել է նախապատրաստման առնվազն 12 մասնակից։ Հանցագործության կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է:
Պայթուցիկները Օդեսայից տեղափոխել են Բուլղարիայի, Վրաստանի եւ Հայաստանի տարածքով: Պայթուցիկ սարքն ուղարկվել է Օդեսայի նավահանգստից օգոստոսի սկզբին։ Այնտեղից բեռը տեղափոխվել է Բուլղարիայի Ռուսա քաղաք, հետո՝ վրացական Փոթի նավահանգիստ, այնուհետեւ՝ Հայաստան։ Հայաստանում բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոններով, եւ փաստաթղթերը փոխվել են։ Այդ պահից սկսած՝ բեռի ուղարկողը դարձել է ՀՀ Ալավերդի քաղաքում գրանցված «ԳՈՒ ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, իսկ ստացողը` Մոսկվայում գրանցված «Լիդեր» ՍՊԸ-ն:
Հայաստանից բեռը Վերին Լարսի անցակետով տեղափոխվել է արդեն Վրաստանում գրանցված մեկ այլ բեռնատար մեքենայով։ Հոկտեմբերի 6-ին բեռը հասել է ՌԴ Արմավիր քաղաք, որտեղ բեռնաթափվել է մեծածախ բազայում։ Հոկտեմբերի 7-ին պայթուցիկ սարքը տեղափոխվել է Մահիր Յուսուբովի ավտոմեքենայի մեջ։ Նա ուղեւորվել է Սիմֆերոպոլ ու ճանապարհին պայթել Ղրիմի կամրջի վրա։ Պայթուցիկների տեղաշարժը վերահսկել եւ հանցագործների հետ շփվել է Ուկրաինայի ՊՆ հետախուզական վարչության աշխատակից ոմն Իվան Իվանովիչ։
Հայաստանում բեռի զննումը ռիսկային գործոն չի հայտնաբերել
Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այսօր մանրամասներ է ներկայացրել Ղրիմի կամրջի վրա պայթյունի վերաբերյալ հրապարակումների վերաբերյալ: ՊԵԿ-ը հայտնել է, որ բեռի՝ Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձեւակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ եւ օրինական կերպով, բեռի ֆիզիկական, ՀՀ մուտքի եւ ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որեւէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել:
ՊԵԿ-ը նշել է, որ ապրանքը ՌԴ տեղափոխվել է նույն վրացական ավտոմեքենայով, վարորդը եղել է Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։
Տվյալ ապրանքները տեղափոխող բեռնատարը եղել է տեսախցիկի օբյեկտիվի տեսադաշտում: Մինչեւ ՀՀ ներմուծման եւ դեպի ՌԴ տեղափոխման մաքսային գործընթացների ամբողջական ավարտը այն չի բեռնաթափվել, չի փոխաբեռնվել կամ լրաբեռնվել այլ ապրանքներով:
ՊեԵԿ-ն ընդգծել է, որ վերը նշված փաստերը հաստատող բոլոր փաստաթղթերի պատճենները պահպանված են, պահպանված են նաեւ ռենտգեն զննող սարքի նկարները եւ մաքսային հսկողության գոտիներում տեսահսկման սարքերով արձանագրված շարժընթացը։
Դատախազությունը դիմել է ՔԿ՝ վարույթ բացելու հանձնարարությամբ
Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ուսումնասիրում է Ղրիմի կամրջի պայթյունի գործով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության այսօր տարածած տեղեկությունները եւ զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները:
Դատախազությունը նշել է, որ նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերեւույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ դրանք հասցեագրել է Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ: